Բոլոր հյուրանոցները, զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները` մեկ հարթակում. առաջարկվում է թվային նոր լուծում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր հյուրանոցները, զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները կներկայացվեն մեկ հարթակում: Զբոսաշրջության կոմիտեն ներդնում է էլեկտրոնային գրանցամատյան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ մինչ այս զբոսաշրջության ոլորտը կանոնակարգված չի եղել, իսկ այս նոր փոփոխությունը թույլ կտա բարեկարգել, բարելավել և ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար:
«Զբոսաշրջության կոմիտեն, զբոսաշրջության մասին օրենքի 7-րդ հոդվածից ելնելով, նախաձեռնել է էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումն ու գործարկումը Հայաստանի Հանրապետությունում: Սա մի կայք է, որտեղ հավաքված կլինեն բոլոր հյուրանոցները, հյուրատները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու գործակալները: Հարթակում ներկայացված կլինեն նաև բոլոր տրանսպորտային միջոցները՝ մասնավորապես ավտոբուսները, որոնք պետք է շահագործվեն զբոսաշրջային ծառայություններ մատուցելու ընթացքում»,-ասաց Լուսինե Գևորգյանը:
Կոմիտեի ղեկավարն այս փոփոխությունը խիստ կարևոր է համարում, քանի որ շատ են հանդիպում հյուրանոցներ, մոթելներ, որոնք իրենց ներկայացնում և դիրքավորում են շուկայում որպես հինգ աստղանի, բայց չեն համապատասխանում չափանիշներին, ինչպես նաև հյուրատնային ընկերություններ, զբոսավարներ, ուղեկցորդներ, որոնք չունեն բավարար գիտելիքներ, բայց իրականացնում են այդ գործունեությունը:
«Զբոսաշրջության կոմիտեի առջև դրված են ահռելի մեծ մարտահրավերներ՝ թվայնացնել այն, ինչը մինչև հիմա միայն թղթի վրա է:
Եթե հետևում ենք վիճակագրությանը, վստահաբար այն շուկայի այսօրվա իրական պատկերը չի արտացոլում: Դրա համար այս բարեփոխումները հեշտ չեն լինելու, քանի որ ոչ բոլորն են ցանկանում, որ իրենց վերահսկեն:
Սակայն, եթե մենք ուզում ենք շուկան բարելավել և թե հայ սպառողին, թե արտասահմանցի զբոսաշրջիկներին տալ մատչելի, որակյալ և վերահսկվող ծառայություններ, մենք պետք է գնանք այս փոփոխություններին»,-ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Լուսինե Գևորգյանն ընդգծեց՝ այս քայլով տնտեսվարողներին բերում են մի դաշտ, որտեղ նրանք կպարտավորվեն ազնիվ լինել այդ ծառայությունները ստացող անձանց հետ, որից ելնելով էլ կձևավորվի ճիշտ գնային քաղաքականություն և ճիշտ մարքեթինգ՝ իրենց պրոդուկտների համար, որն էլ, ըստ Գևորգյանի՝ կթեթևացնի և կհեշտացնի ներքին զբոսաշրջությունը՝ տալով ռեալ պատկեր, թե իրականում ի՞նչ ծառայություններ և ի՞նչ գնային առաջարկ են տալիս մեր հյուրանոցներն ու հյուրատները, և մեր երկիրը կդարձնի ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար: