ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ծագմամբ շվեյցարացի անկախ լրագրող և լուսանկարիչ, մարդու իրավունքների հայտնի պաշտպան Դեմիր Սյոնմեզը, որը 1990-ական թվականներին Թուրքիայից արտաքսվել է Շվեյցարիա, տպագրության է պատրաստել «Վիրավոր արծիվը» ֆրանսերեն և հայերեն գիրքը՝ ներկայացնելով 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմը, 2023թ. հայաթափումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ը համարեց հայոց պատմության նոր սև էջ, երբ Ադրբեջանը՝ տարածաշրջանում ամենամեծ բանակն ունեցող Թուրքիայի, ինչպես նաև Իսրայելի ու Պակիստանի աջակցությամբ, գերտերությունների լռելյայն հայացքի ներքո հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրա համոզմամբ՝ դա հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանության փորձ էր, ինչի մասին նշել է իր վավերագրության մեջ։ Շվեյցարիայի հայկական միությունը տեղի քաղաքական գործիչների, պատգամավորների և այլոց մասնակցությամբ կազմակերպեց բողոքի բազմաթիվ ակցիաներ՝ հայ ժողովրդին հայտնելով անվերապահ աջակցություն։
«Ես նույնպես մասնակցում էի ակցիաներին և իմ բլոգում («La Tribune de Genève») անդրադառնում դրանց, սակայն այդ ամենն ինձ չէր բավականացնում, ուստի որոշեցի մեկնել Արցախ, առավել ևս, որ նախկինում աշխատել էի Սիրիայում և Իրաքում, ունեի անհրաժեշտ փորձառություն։ Մի օր ինձ զանգահարեց «Արմենպրես» գործակալության աշխատակից Րաֆֆի Հերմոն Արաքսն ու հայտնեց, որ Արցախում ընթանում են թեժ մարտեր։ Այլևս չսպասեցի և անմիջապես ժամանեցի Հայաստան: Ես երկու ընկերներիս հետ մեկնեցի Արցախ»,- պատմեց նա։
Նա եղել է Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում։ Պատերազմն ավելի շատ է ներգործել նրա վրա։ Սյոնմեզի բնորոշմամբ՝ բարբարոսների կոալիցիան հարձակվել էր փոքրիկ, բայց հերոսական ժողովրդի վրա։
«Տեսնում էի, թե ինչպես 18-20 տարեկան տղաներն առանց վախի մարտնչում էին ու չէին մտածում, որ ընդամենը մեկ-երկու շաբաթ տևած վարժանքներից հետո դիմակայելու էին ՆԱՏՕ-ի թվակազմով երկրորդ բանակին ու ադրբեջանական զինուժին։ Անհավանական էր ու աներևակայելի։ Վախ չտեսա նաև երիտասարդ կամավորների աչքերում, ովքեր թողել էին ուսումն ու եկել հայրենակիցներին օգնելու»,- ասաց վավերագրող լուսանկարիչը։
Երբ վերադարձավ Շվեյցարիա, որոշ ժամանակ գտնվում էր պատերազմում տեսած դրվագների ծանր ազդեցության տակ։ Այնուհետև որոշեց այդ ամենը հավաքել և լուսանկարների ու հոդվածների տեսքով ներկայացնել հանրությանը։ Գիրքը երկու անգամ հրատարակվեց Բուլղարիայում 1400 օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, որովհետև շվեյցարական ոչ մի տպագրատուն հանձն չառավ գրքի հրատարակումը։ Շվեյցարիան չէր ցանկանում խաթարել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որովհետև այդ երկրից ստանում է էներգակիրներ։ Գիրքը հետագայում տպագրվեց նաև Հայաստանում`անգլերեն և հայերեն: Տպագրության է պատրաստվում երկրորդ ընդլայնված հրատարակությունը՝ ֆրանսերեն և հայերեն. ներառված է նաև Լեռնային Ղարաբաղի 2023թ. հայաթափումը:
«Կարծում եմ՝ այս գիրքը պատմական փաստաթուղթ կլինի ապագա սերունդների համար»,-ասեց նա։
Շվեյցարիայում ամեն տարի կազմակերպվում է մրցանակաբաշխություն, որի ընթացքում ընտրված լավագույն լուսանկարներն արժանանում են հատուկ մրցանակների։ Մինչ այդ մրցանակներ էին ստացել Լիբիայում, Իրաքում և Սիրիայում արված լուսանկարների հեղինակները, սակայն արցախյան պատերազմին վերաբերող լուսանկարները մրցանակի չարժանացան։ Բայցևայնպես, Դեմիր Սյոնմեզի գրքից 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող չորս լուսանկարներ 2021թ․ մեկ տարի շարունակ ցուցադրվեցին Շվեյցարիայի ազգային թանգարաններում։
Դեմիր Սյոնմեզը հիսուն տարեկանում է հայտնաբերել իր հայկական ծագումը։ Ծնողները թաքցրել են այդ փաստը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նա ակտիվորեն զբաղվում էր հասարակական-քաղաքական գործունեությամբ և դրա համար նույնիսկ ենթարկվել է ազատազրկման։
«Մեզ միշտ համարում էինք քուրդ, բայց մայրս, երբ բարկանում էր մեզ վրա, ասում էր, որ քահանայի թոռներ ենք։ Տարիներ անց հայրս եկավ Շվեյցարիա՝ ինձ տեսակցելու, և ես նրան հարցրի, թե ինչու էր մայրս այդ խոսքերն ասում մեզ նախատելիս։ Նա խոստովանեց, որ իրականում հայ ենք, և իմ պապիկը եղել է Բինգյոլի Քիրլի շրջանի Ինաքլը գյուղի քահանան։ Եթե թուրքական իշխանությունն իմանար, որ հայ եմ, կենթարկվեի ավելի շատ ճնշումների ու կեղեքումների։ Հայրական կողմի ազգականներս իրենց մաշկի վրա արդեն զգացել էին Հայոց Ցեղասպանության արհավիրքը»,- ասաց Դեմիր Սյոնմեզը։
Նա իր գործունեությունը սկսել է 1980-ական թվականներից՝ ընտրելով վավերագրող լուսանկարչի պատասխանատու մասնագիտությունը։ Բանտից դուրս գալուց հետո ավելի շատ ժամանակ է հատկացրել պատմագիտական ուսումնասիրություններին, ավելի շատ զբաղվել լուսանկարչությամբ։ Անշուշտ դա Թուրքիայում անելն այդքան էլ հեշտ չէ, առավել ևս, եթե մարդիկ գրում են քաղաքական հոդվածներ։ Նկատում է՝ վարչակարգի արատավոր երևույթները քննադատելուց հետո շատերն ուղղակի հայտնվում են ծանր կացության մեջ։ Թուրքիայում այսօր գործող լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է իշխանությունների ազդեցության ներքո։ Այնտեղ բանտարկված են հարյուրավոր լրագրողներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, գրողներ։
«Ինձ մի քանի անգամ ազատազրկել են քաղաքական դրդապատճառներով՝ Թուրքիայի իշխանություններին քննադատելու պատճառով։ 1978-83 թվականների միջակայքում բանտարկվել եմ հինգ անգամ։ Այն ժամանակ մենք պայքարում էինք քեմալականության դեմ քրդական հարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման և ազգային փոքրամասնությունների խնդիրների համատեքստում։ Պանթուրքիզմի գաղափարախոսությունը եղել է բազմաթիվ պրոբլեմների ծագման պատճառ։ Թուրքական պետականության հիմքում եղել են թուրքն ու մահմեդականությունը, ուստի մյուս ազգություններին ու կրոններին պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվել։ Մինչև 1990 թվականը փորձեցի մնալ Թուրքիայում՝ շարունակելով իմ պայքարը»,- ասաց մեր զրուցակիցը։
Սյոնմեզը 1983-1990թթ․ ընթացքում երկու համալսարան է ավարտել՝ բիզնեսի կառավարում և տնտեսագիտություն մասնագիտությամբ։
1990-1993թթ․ և 1996թ․ Թուրքիայի ամենամութ ժամանակաշրջաններից են։ Սա հատկապես քուրդ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների, գյուղերի հրկիզումների, արտադատական մահապատիժների, կալանքի տակ անհետացումների, չբացահայտված քաղաքական սպանությունների, խոշտանգումների եւ մարդու իրավունքների ոտնահարման ժամանակաշրջան է։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ գործող իշխանությունները վհուկների որսի էին դուրս եկել ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ։ Այս ընթացքում իրականացվել է 17 հազար չբացահայտված քաղաքական սպանություն։ Կալանավայրում անհետացած լրագրողների, մտավորականների, իրավապաշտպանների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ճակատագրի վերաբերյալ պետությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել։ Անհետ կորածների ընտանիքները 1024 շաբաթ շարունակ նստացույց են անում Ստամբուլի Գալաթասարայի ավագ դպրոցի դիմաց՝ կառավարությունից հաշիվ պահանջելու իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ։ Պետությունը պատասխանատվություն է կրում թուրքական պետության անվտանգության ուժերի կողմից ձերբակալված և անհետացած մարդկանց համար։
Սյոնմեզի խոսքով՝ թուքական պետության անվտանգության ուժերի կողմից ձերբակալվածների և անհետ կորածների պատասխանատուն պետությունն է։
Սյոնմեզին նախազգուշացրել է մի նախարար, որին նա ճանաչում էր մինչև 1980 թվականը և զգուշացրել էր հնարավորինս շուտ մեկնել արտերկիր: Որովհետև նախկին նախարարը շատ վտանգավոր լուրեր էր ստացել իր մասին։ Դեմիր Սյոնմեզը որոշել էր մեկնել արտերկիր՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք սպառնում էին իրեն և իր կյանքին։
Թուրքիան անգամ պահանջել է արտահանձնել Դեմիր Սյոնմեզին, սակայն շվեյցարական կողմը մերժել է այդ պահանջը։
Պատասխանելով հարցին, թե թուրք հասարակությունը պատրա՞ստ է առերեսվել իր պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ կատարված համամարդկային ոճրագործության համար, մեր հայրենակիցն ասաց՝ բացարձակապես ո՛չ։
«109 տարի է անցել Մեծ Եղեռնից, սակայն մինչ օրս գեթ մեկ սանտիմետր առաջընթաց չկա այդ հարցում։ Ավելին, մի օր հեռուստատեսությամբ տեսա փողոցում կատարված սոցհարցում, որի ժամանակ մի երիտասարդ աղջկա հարցրին, թե ինչ կաներ լիակատար անպատժելիության մթնոլորտի դեպքում, ասաց, որ քսան հայի գլուխ կկտրեր։ Զարհուրելի է, թե ինչպես կարող է երիտասարդ աղջիկն այդպիսի բան մտածել, և որքան ատելություն կար նրա մեջ հայերի հանդեպ։ Թշնամական վերաբերմունքը Թուրքիայի կրթական համակարգի մեջ է, այդ երկրի գոյաբանական հենքում ժխտողականությունն է, և դա պետական քաղաքականություն է։ Թուրքիայի կառավարությունը ձգտում է ուծացնել ազգային փոքրամասնություններին։ Ես անձամբ ճանաչել եմ Հրանտ Դինքին, կիսում եմ նրա կարծիքը, որ թեև կարևոր է, երբ բազմաթիվ երկրներ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, սակայն ավելի կարևոր է, որ թուրք հասարակությունը առերեսվի իր պատմության հետ, ճանաչի ցեղասպանությունը, մինչդեռ այսօր դա իրատեսական չէ։ Իսկ ովքեր ընդունեն այդ փաստը, շատ ծանր գին կվճարեն դրա համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Դեմիր Սյոնմեզն ասաց, որ կարգավորման գործում թուրքական կողմի պահվածքն հավատ չի ներշնչում և անկեղծ չէ։