Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նոյեմբերերի 27-ին տեղի ունեցած՝ հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «ԳԱԶել» միկրոավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ Բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը, իր կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի մոտ վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։

Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը՝ համաձայն որի, վարորդը եղել է սթափ։

Գյումրու բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասվածքներ ստացած անձանց վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել»,- նշել է Գոռ Աբրահամյանը։ 

Ըստ նրա՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում