ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե վիճակագրական կոմիտեի՝ բուսաբուծության վերաբերյալ վիճակագրությունը ոչ փաստահենք է, քանի որ ձևավորվում է համայնքապետարաններին զանգելու միջոցով ճշտումներ անելու միջոցով։
Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը հարց է ուղղել ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին, որը հերքեց էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը՝ ներկայացնելով համապատասխան հղումներ, թե ինչպես է ձևավորվում վիճակագրությունը։
Ներկայացնում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային անվտանգության վիճակագրության բաժնի պետի պատասխանն ամբողջությամբ․
«Նախ նշեմ, որ թեմային առնչվող վիճակագրական միավորներ են հանդիսանում «ՀՀ բոլոր համայնքները և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները» (տե´ս «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններ, համախառն բերք և միջին բերքատվություն. Եվրո SDMX մեթատվյալների կառուցվածք (ESMS)»-ի կետ 3.5–ը հետևյալ հղման ներքո՝ https://www.armstat.am/am/?nid=836&pid=2204)։ «Գլխավոր համակցության նախագծումն իրականացվում է բուսաբուծական ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովման նպատակով: Տեղեկատվությունը տրամադրում են համայնքապետարանները, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ստացված տեղեկատվությունն ամփոփվում է մարզային և ք.Երևանի կտրվածքով:» (տե´ս նույն տեղը՝ կետ 3.6.)։
Համայնքապետարանները յուրաքանչյուր ամիս Արմստատին են տրամադրում «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի և աշնանացանի ընթացքի մասին» Ձև 29-ԳՏՀ ամսական վիճակագրական ամփոփ հաշվետվությունը (տե´ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187095 հղումը)։ 2024թ․ի հոկտեմբեր ամսին բոլոր համայնքապետարանները տրամադրել են վերը հիշատակված հաշվետվությունը (բոլոր վիճակագրական հաշվետվությունները հանդիսանում են նորմատիվ իրավական ակտեր և պարտադիր են ռեսպոնդենտների կողմից լրացման և ներկայացման)։
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Արմստատ են ներկայացնում «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի և աշնանացանի ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ ամսական վիճակագրական հաշվետվությունը (տե´ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187096 հղումը)։
Գյուղատնտեսության վերաբերյալ տվյալներ ամսական պարբերականությամբ հավաքվում են նաև գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման դաշտում ընդգրկված թվով 12090 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններից (տե´ս «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ, մշակաբույսերի համախառն բերք և միջին բերքատվություն» որակի հռչակագրի 3.3 և 4.2 կետերը հետևյալ հղման ներքո՝ https://www.armstat.am/file/Qualitydec/am/22.5.pdf)։ Ընտրանքային դիտարկումով հավաքված տվյալներն օգտագործվում են համայնքապետարանների կողմից ներկայացված հաշվետվություններով հավաքված տվյալների որակի ստուգման նպատակով։
Ի լրումն հարկ է նշել, որ 2019թ․–ից սկսած գյուղատնտեսություն և ձկնորսություն գործունեության տեսակների վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում: Այսպես, համաձայն Եվրամիության «Վիճակագրական պահանջների կոմպենդիում, 2018»-ի «3.1.2. Գյուղատնտեսության վիճակագրություն» ենթակետի, Եվրամիության անդամ երկրներում գյուղատնտեսության վիճակագրության հրապարակումները կրում են տարեկան պարբերականություն (հղում՝ https://ec.europa.eu/eurostat/documents/3859598/9393837/KS-GQ-18-009-EN-N.pdf/a1d2ffe9-2ba9-4b57-8e6c-6c13575ef072, 132-141 էջեր, հրապարակված 2018թ. հոկտեմբեր, ԵՄ, Լյուքսեմբուրգ)։
Այլ կերպ ասած, գյուղատնտեսության ցուցանիշները հավաքվում են ամսական (բացառությամբ անասնաբուծությունից և ձկնորսությունից՝ հիմք ՀՀ գյուղատնտեսության նախարարության 20.02.2019թ․–ի թիվ ԳԳ/ԼԻ/724-19 գրությունը) և հրապարակվում եռամսյակային պարբերականությամբ։ Անասնաբուծության և ձկնորսության վերաբերյալ ստացված եռամսյակային ցուցանիշների հիման վրա կատարվում են ամսական գնահատումներ՝ ՏԱՑ–ի ամսական հաշվարկներում օգտագործելու համար»։