Քաղաքականություն

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների նախագահները հանդիպում կունենան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ», - նշված է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում