Իրավունք

Քննիչները բնակարանային գողությունը բացահայտել են դատագենետիկական փորձաքննության արդյունքում

3 րոպեի ընթերցում

Քննիչները բնակարանային գողությունը բացահայտել են դատագենետիկական փորձաքննության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները հունիսի 1-ին կատարված խոշոր բնակարանային գողությունը բացահայտել են բնակարանում թողնված ծխուկի դատագենետիկական փորձաքննության արդյունքում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Դեպքի վայրի զննությամբ տուժողի բնակարանում հայտնաբերվել էր արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդ։ 

Նախաքննության ընթացքում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ ստացվել են տվյալներ: Պարզվել է, որ վերջինս գտնվում է ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ուր, քննչական գործողություններ կատարելու նպատակով, տեղափոխվել է սառը զենք կրելու կասկածանքով:

Առարկայի ճանաչում քննչական գործողության արդյունքում բնակարանային գողության վերոնշյալ վարույթով տուժողին ճանաչման է ներկայացվել սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված անձի մոտ հայտնաբերված դանակը, որը բնակարանի սեփականատերը ճանաչել է:

Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձից ստացվել է գենետիկական նմուշ, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ծխախոտի մնացորդի հետ միասին ուղարկվել է դատագենետիկական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ ծխուկից նմուշառված կենսաբանական ծագման հետքից անջատված արական սեռի գենետիկական բնութագիրը համընկնում է ձերբակալված անձին բնորոշ գենետիկական բնութագրին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում