Հայաստան

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել  Մեսրոպ Մեսրոպյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս տարիներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև որպես ինստիտուտ է ձևավորվել և զարգացել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ հենքի վրա պետք է փորձի շարունակել զարգացումը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն առաջնահերթությունները, որոնք կան, քննարկվել են նրա հետ և՛ Կառավարությունում և՛ Ազգային ժողովում, պետք է արագ լուծվեն, ինչը պահանջում է Հայաստանի հանրությունը և քաղաքական ուժերը: 

«Այս առումով, բավականին աշխատանք ունենք անելու»,- իր խոսքն ամփոփել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում