Քաղաքականություն

ՀՀ-ն գործադրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շարունակական ջանքեր. ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Courtesy visit from Ambassador Armen Papikyan, new Permanent Representative of Armenia
Courtesy visit from Ambassador Armen Papikyan, new Permanent Representative of Armenia

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նոյեմբերի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի   կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ, և ընդգծել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցության ու ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Նշվում է, որ, շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի նպաստ Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև առկա ամուր կապերի առավել ամրապնդմանն և զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում