ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
«Չնայած սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանառությանը՝ վերջին երեք շաբաթների ընթացքում համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Սուր շնչառական վարակներով հիմնական դեպքերն արձանագրվում են 0-ից 18 տարեկանների շրջանում: Նախորդ շաբաթ մի փոքր ավելացել է հոսպիտալացված դեպքերի քանակը, այս դեպքում ևս դեպքերի գրեթե 95 տոկոսը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում»,- ասաց բժիշկ-համաճարակաբանը:
Նա նշեց ՝ շտապօգնության ընդհանուր կանչերի յոթ տոկոսը կազմում են սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը:
«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում այս պահին մենք ունենք հաստատված գրիպի Բ տեսակի հարուցիչ և այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուս, ռինովիրուս և կորոնավիրուս»,- նշեց մասնագետը:
Խաչատրյանի խոսքով՝ նոյեմբերի 19-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ հոսպիտալացվել է 441 բուժառու, որոնցից 26-ը բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում:
Անդրադառնալով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ մասնագետն ասաց՝ այստեղ ևս իրավիճակը կայուն է: Նախորդ 14 օրերի ընթացքում գրանցվել է հիվանդության դեպքերի նվազում:
«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 40 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս ցածր է»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ գրիպի և կորոնավիրուսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:
Մասնագետը հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձանց հորդորեց պատվաստվել ՝բարդացումներից խուսափելու համար: Իսկ առհասարակ սուր շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար բժիշկ-համաճարակաբանը խորհուրդ տվեց հետևել ձեռքերի հիգիենային, վարակված քաղաքացու հետ չշփվել, մարդաշատ և փակ տարածքներում կրել դիմակներ և, իհարկե, չզբաղվել ինքնաբուժությամբ: