ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում անցկացվեց «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն է կայուն կառավարման ներքո գտնվող լանդշաֆտների ընդլայնումը և համայնքների կայուն տնտեսական գործունեության խթանումը՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Լոռու մարզերի ընտրված թիրախային տարածքներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի մեկնարկային աշխատաժողովին մասնակցում էին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Շվեդիայի Թագավորության դեսպանի տեղակալ, խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմն, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, որը իր ոգևորությունը հայտնեց Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության միջև երկարամյա համագործակցության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ նոր համագործակցության կապակցությամբ։
«Այս նախագիծը վկայում է այն բանի մասին, թե ինչի կարող ենք հասնել, երբ միասին աշխատենք ընդհանուր նպատակների, կայուն միջավայրի, դիմացկուն համայնքների և ներառական տնտեսական աճի ուղղությամբ: Հայաստանն, ինչպես բոլորս գիտենք, ապշեցուցիչ բնական գեղեցկությամբ և հարուստ կենսաբազմազանությամբ երկիր է, բայց նաև այն ամենախոցելի երկրներից է, երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, իսկ անտառահատումների, ճահճային տարածքների դեգրադացիայի և հողերի էրոզիայի մարտահրավերները ոչ միայն բնապահպանական խնդիրներ են, այլ նաև խոչընդոտներ են կայուն զարգացման և այս տարածքներում ապրող համայնքների տնտեսական հնարավորությունների համար», - իր խոսքում նշեց Գեգինատը:
Նրա խոսքով՝ մեկնարկող ծրագրի միջոցով կվերականգնվեն դեգրադացված լանդշաֆտները, և ծրագրի առջև նպատակ է դրվել ունենալ 12500 հա անտառ և 1200 հեկտար խոնավ տարածք, որոնք կբարելավեն ջրի պահպանումը, կնվազեցնեն աղետների ռիսկը և կաջակցեն Հայաստանի կենսաբազմազանությանը:
«Սրանք ներդրումներ են, որոնք տալիս են անմիջական բնապահպանական օգուտներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով Հայաստանում երկարաժամկետ տնտեսական աճի և կլիմայի հարմարվողականության համար: Լանդշաֆտների դիմակայունության հիմնաքարերից մեկը նրա կենտրոնացումն է մարդկանց վրա: Ծրագիրը կստեղծի 100 կանաչ աշխատատեղ և կնպաստի 20 համայնքային բիզնեսի զարգացմանը: Այս նախաձեռնությունները եկամուտ կստեղծեն, մասնավորապես գյուղական և անտառից կախված համայնքներում միաժամանակ` նվազեցնելով ճնշումը Հայաստանի բնական ռեսուրսների վրա», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը՝ հավելելով, որ դիմակայունության ծրագիրը պարզապես նախագիծ չէ, այն մոդել է ողջ Հայաստանի տարածքում լանդշաֆտի վերականգնման ջանքերը մեծացնելու ուղղությամբ։
Կարոլին Գեգինատը հույս հայտնեց, որ նախագիծը հիմք կդնի Հայաստանի համար՝ հասնելու իր կլիմայական և զարգացման նպատակներին և միաժամանակ կդառնա հողի կայուն կառավարման առաջատարը:
«Ծրագիրն ուղղակիորեն աջակցում է Հայաստանի ազգային ներդրումներին՝ համաձայն Փարիզի համաձայնագրի, ներառյալ նրա նպատակը՝ մինչև 2030 թվականը 40%-ով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Որպես Համաշխարհային բանկ՝ մենք տեսնում ենք մեր դերը Հայաստանի զարգացման ճանապարհին», - եզրափակեց Գեգինատը:
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանի տեղակալ, խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը՝ հպարտություն հայտնելով, որ Շվեդիան համաֆինանսավորում է այս կարևոր նախագիծը՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ միասին:
«Ինչպես գիտեք, կենսաբազմազանության համաշխարհային ճգնաժամին անդրադառնալը Շվեդիայի համար առանցքային առաջնահերթություն է: Շվեդիայի և Հայաստանի միջև զարգացման երկկողմ համագործակցությունը վերսկսվել է 2018 թվականին և վերջին տարիներին արագ աճել է. միայն 2023 թվականից առ այսօր Շվեդիայի երկկողմ աջակցությունը գրեթե կրկնապատկվել է և էլ ավելի ամրապնդվել տարածաշրջանային և մարդասիրական աջակցությամբ: Այսպիսով, մեր կապերը ամուր են: Համագործակցությունն իրականացվում է հասարակության տարբեր հատվածների դերակատարների լայն շրջանակների՝ ներառյալ քաղաքացիական հասարակության, շվեդական և բազմակողմ կազմակերպությունների միջև», - ասաց Կլաս Վալդենստրյոմը՝ մանրամասնելով, որ ընդհանուր ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանն աջակցելու, ինչպես նաև հասարակությունը և տնտեսությունը «կանաչ» դարձնելու վրա։
ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության փոխդեսպանն ուրախություն հայտնեց, որ կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում Ստոկհոլմն ուրախ է աջակցել Երևանին, օրինակ, էներգաարդյունավետության, թափոնների կառավարման հարցում:
«Այսօր ես ուրախ եմ կիսվել անտառների, ջրաճահճային տարածքների վերականգնման մասին ռեզիդենտ ծրագրով: Սա կլինի Շվեդիայի ամենամեծ ֆինանսական ծրագիրը Հայաստանում։ Ինչպես գիտեք, Հայաստանի անտառածածկ հողերի գրեթե 70 տոկոսը հետագա դեգրադացիայի վտանգի տակ է: Այս կարևոր ծրագիրը կենսական ներդրում կունենա այդ միտումը շտկելու և անտառածածկման ազգային նպատակներին հասնելու գործում», - նշեց Վալդենստրյոմը։
Կլաս Վալդենստրյոմի դիտարկմամբ՝ նախագիծը ոչ միայն կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և դիմակայունության մեծացմանն, այլ նաև աշխատատեղերի ստեղծմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է էկոտուրիզմը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ հիշեցնելով, որ «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագիրը նախագծվել է Համաշխարհային բանկի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում։
«Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից։ COP17 կենսաբազմազանության համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ուղենիշային, առաջնորդող և որակ ցույց տա», - ասաց Մեյմարյանը՝ մեծապես կարևորելով այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ուժերով։
Նրա բնորոշմամբ՝ բնապահպանությունը և բնությանը հավելյալ արժեք ավելացնելն այն կարևոր բաղադրիչներից մեկն է, որ պետք է տնտեսական ակտիվության և երկարաժամկետ տնտեսական բարգավաճման բերի։
«Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բազմաթիվ դրամաշնորհային օգնություններ ենք ստացել, և ժամանակն է, որպեսզի COP17-ին ընդառաջ մենք ցույց տանք այն կարևոր արժեքը, որը մենք գեներացրել ենք մեր երկրում։ Մեր խնդիրն է, որ ինքներս համապատասխանենք այն ամբողջ արժեքին և հարստությանը, որը մենք ունենք։ Ծրագրի բաղադրիչները համապատասխանում են նաև ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրին, որի մեջ կա անտառվերականգնում, կենսաբազմազանության պահպանություն, հանքերով դեգրադացված տարածքների ռեկուլտիվացիա և այլն։ Այս բոլորը շատ կարևոր են մեզ համար», - նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի նպատակն է կայուն կառավարման ներքո գտնվող լանդշաֆտների ընդլայնումը և համայնքների կայուն տնտեսական գործունեության խթանումը Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Լոռու մարզերի ընտրված թիրախային տարածքներում։ Լանդշաֆտի վերականգնման և կառավարման ինտեգրված մոդելի որդեգրմամբ՝ ծրագիրն անդրադարձ է կատարելու ներքոշարադրյալ առանցքային խնդիրների լուծմանը՝ անտառների մասնատվածության կրճատում և ծառածածկույթի խտության ավելացում, հանքարդյունաբերության հետևանքով դեգրադացված անտառային հողերի վերականգնում, ջրաճահճային տարածքների կառավարման բարելավում, թիրախային համայնքների տնտեսական օգուտների ավելացում, լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում՝ կանաչ աշխատատեղերի ստեղծման և համայնքի օգուտների ավելացման նպատակով:
Աշխատաժողովի նպատակն է իրազեկել շահագրգիռ կողմերին նախատեսվող ծրագրային գործողությունների մասին և ձևավորել ծրագրի իրականացման շրջանակի, շահակիրների դերի և ակնկալվող արդյունքների առնչությամբ ընդհանուր տեսլական: