Մշակույթ

Փարաջանովյան շունչն ամենուր․ մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարքը

2 րոպեի ընթերցում

Փարաջանովյան շունչն ամենուր․ մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» ցուցահանդեսով մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փարաջանովի սիրահարները 10 օր շարունակ հնարավորություն կունենան վայելելու ցուցահանդեսների շարքը, որն ուղեկցվելու է տաբեր դասընթացներով: 

Միջոցառումների շարքը իրականացվում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի կողմից և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ: Կողք կողքի կցուցադրվեն «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչների ու աշակերտների ստեղծագործությունները: Միջոցառման կազմակերպիչ և ղեկավար, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցասրահը լցված է փարաջանովյան ոգով, իսկ նպատակը Փարաջանովին վերաարժևորելն է` որպես մարդ, համառ ու համարձակ մտածող, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող, ում նույնիսկ խորհրդային գրաքննությունն ու հետապնդումները չկարողացան լռեցնել: 

«10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին»,-  նշեց Ռուզաննա Երեմյանը: 

Նա շնորհավորեց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներին, որոնք հնարավորություն են ստացել իրենց աշակերտների հետ համատեղ ցուցադրություն ունենալ և աշակերտներին, որոնք ստեղծագործել են ու գնացել են Փարաջանովի խենթությունների աշխարհ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում