Մերձավոր Արևելք

Նեթանյահուն 5 միլիոն դոլար է առաջարկել Գազայում պահվող յուրաքանչյուր պատանդի վերադարձի դիմաց

3 րոպեի ընթերցում

Նեթանյահուն 5 միլիոն դոլար է առաջարկել Գազայում պահվող յուրաքանչյուր պատանդի վերադարձի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածում գտնվող իսրայելական դիրքեր, որտեղ խոստացել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատերազմից հետո երբեք չի կառավարի Գազայում։ Նա նաև անկլավի բնակիչներին խոստացել է վճարել 5 միլիոն դոլար յուրաքանչյուր պատանդի համար, որին նրանք կվերադարձնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը խոստացել էր, որ Իսրայելը պատանդների վերադարձի համար կվճարվի մի քանի միլիոն դոլար։

Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված տեսանյութում նա ասում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «հասել է գերազանց արդյունքների դեպի իրենց կարևոր նպատակը, որ ՀԱՄԱՍ-ը չկառավարի Գազայում»։

«Մենք ոչնչացնում ենք նրանց ռազմական հնարավորությունները շատ տպավորիչ կերպով և անցնում ենք նրանց կառավարման հնարավորություններին։ ՀԱՄԱՍ-ը Գազայում չի լինի», - ասել է նա։ 

Նա հավելել է, որ Իսրայելն ամեն բան անում է «բոլոր պատանդներին վերադարձնելու համար՝ ողջ թե մահացած»։

Նեթանյահուն խոստացել է, որ ցանկացած ոք, ով կվերադարձնի պատանդներից որևէ մեկին, կստանա 5 միլիոն դոլար և անվտանգ ելք Գազայից։ 

«Ընտրությունը ձեր ձեռքերում է, բայց արդյունքը նույնն է լինելու՝ մենք բոլորին տուն ենք վերադարձնելու», - ասել է նա։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, 251 մարդ՝ առևանգվել։ Դեռ 97 պատանդ գտնվում է Գազայում, այդ թվում՝ առնվազն 34 մահացած պատանդների մարմինները։ 2023 թ. նոյեմբերի վերջին մեկշաբաթյա հրադադարի ժամանակ ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց վերադարձրել էր 105 պատանդի, 4 պատանդ վերադարձվել էր մինչ այդ։ 8 պատանդ փրկվել է իսրայելցի զինվորների կողմից, ևս 37 պատանդի մարմին նույնպես վերադարձվել է, որոնցից երեքը սխալմամբ սպանվել էին հենց իսրայելցի զինվորների կողմից։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը մոտենում է 44 000-ի։ Ավելի քան 104 000 մարդ վիրավորվել է։ Առնվազն 10 000 մարդ անհետ կորած է։ Ըստ ՄԱԿ-ի՝ զոհերի գրեթե 70%-ը կանայք և երեխաներ են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում