ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Թո Լամն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Viet Nam News-ը:
Կուսակցության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։ Նշելով, որ բարեկամությունը դիմակայել է ժամանակի և պատմական փոփոխությունների փորձությանը, Լամն իր երախտագիտությունն է հայտնել Վիետնամի ազգային զարգացման ջանքերին Հայաստանի աջակցության համար։
Կուսակցական առաջնորդը հաստատել է, որ անկախության, ինքնապահովման, խաղաղության, բարեկամության, համագործակցության, զարգացման, բազմակողմանիության և հարաբերությունների դիվերսիֆիկացման իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Վիետնամը միշտ կարևորում է ավանդական գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։
Գովաբանելով Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ Թրեն Թան Մանի հետ ունեցած բանակցությունների արդյունավետ արդյունքները՝ Լամը միջոցառումը որակել է որպես խորհրդարանական հարաբերությունների առաջխաղացման ուղենիշ։ Նա ասել է, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության համար հսկայական տեղ կա և առաջարկել է առանցքային միջոցներ՝ ամրապնդելու բարեկամությունը արդյունավետ և գործնական արդյունքների հասնելու համար՝ նպաստելով տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է Վիետնամի հետ երկարամյա բարեկամությունը՝ հավելելով, որ իր այցը առանցքային պահ է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու համար, և համաձայնել Վիետնամի Կոմկուսի ղեկավարի առաջարկություններին՝ խթանելու կրթության, վերապատրաստման և մարդկանց միջև փոխանակման ոլորտում համատեղ աշխատանքները: