Մերձավոր Արևելք

Բեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածը 5 մարդու կյանք է խլել

2 րոպեի ընթերցում

Բեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածը 5 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ է զոհվել նոյեմբերի 18-ին Բեյրութի կենտրոնական Զոքաք էլ Բլաթի շրջանին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լիբանանյան LBCI պարբերականը։ 

Հարվածի հետևանքով վիրավորվել է 31 մարդ, 2 մարդ դեռ անհետ կորած է։ 

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի վայրում հայտնաբերված մարդկային մնացորդները դեռ նույնականացվում են, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ։ 

Միևնույն ժամանակ LBCI-ը նշում է, որ Իսրայելը շարունակում է իր ցամաքային գործողությունը Լիբանանի հարավում և շարժական հրետանային ստորաբաժանումներ է մտցրել Լիբանանի տարածք։ Դիտորդների տվյալներով՝ նրանք կկարողանան հարվածել 18-40 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։

Իր հերթին լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հայտնել է իսրայելական ռազմական թիրախների և բնակավայրերի դեմ իրականացված գործողությունների մասին։ LBCI-ը նշում է, որ ըստ շարժման հայտարարություններից մեկի՝ Թել Ավիվում գտնվող ռազմական կարևոր դիրքերի վրա հարձակում է իրականացվել անօդաչու թռչող սարքերով։ Մեկ այլ հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ ցամաք-օդ հրթիռի միջոցով Լիբանանի հարավային Թեյբեհ քաղաքի երկնքում իսրայելական Hermes 450 ԱԹՍ է խոցել։

«Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է Քիրյաթ Շմոնա բնակավայրի վրա հրթիռներ արձակելու, Լիբանանի հարավային Խիամ քաղաքում գտնվող իսրայելական ուժերին հրթիռակոծելու մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում