Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

8 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստում հավանության է արժանացել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝  սա մեծագույն ձեռքբերում է, և օրենքի առկայությունը հնարավորություն է ընձեռելու նորովի խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը և մասնակցայնությունը պետության համար ամենակարևոր ուղղություններում ու ծրագրերում: 

«Վստահ եմ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կշարունակի իր տեղը զբաղեցնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքից բխող գործիքակազմում, քանի որ այն խրախուսում է միտքը: Միայն միտքն է, որ մեզ օգնում է հաղթահարել այսօրվա մարտահրավերներն ու աճող բարդությունները: Պետք է ամեն կերպ խրախուսենք մեր քաղաքացիների ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, մտքի աշխատանքը: Ուրախ եմ, որ այս մրցույթը դառնում է լավ հարթակ գաղափարներ ներկայացնելու, դրանք քննարկելու և նաև իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմկոմիտեին, փորձագիտական հանձնաժողովի անդամներին, գործընթացում ներգրավված կառույցներին և անհատներին։

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է՝ այս մրցույթով ապահովվում է պետական մյուս քաղաքականությունների, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետ ներդաշնակությունը, որտեղ նոր չափորոշչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից.

«Կարծում եմ՝ մրցույթին 16-18 տարեկան երիտասարդների մասնակցությունը կարող է էապես օգնել նաև հանրակրթության բարեփոխումների այս կարևոր նախաձեռնության խրախուսմանը: Սա նախարարության համար կարող է նաև հավելյալ ցուցանիշ լինել դպրոցներում կարողունակությունների գնահատման առումով, քանի որ հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր դպրոցահասակ երեխաները որքանով են ակտիվ նախագծերի իրականացման և իրենց գաղափարների ներկայացման ուղղությամբ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մրցույթի անվանակարգերն ամեն տարի ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: Նախարարը փաստել է՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ, որի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը:

«Այս տարի ստացել ենք շուրջ 60 հայտ: Հետաքրքրական է, որ առավել շատ հայտեր ստացվել են «Կանաչ տնտեսություն» անվանակարգի համար, ինչը փաստում է, որ մեր երիտասարդների շրջանում մեծ է հետաքրքրությունը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների նկատմամբ: Այսօր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը բախվում են բազում խնդիրների, և կարևոր է, որ մեր երիտասարդներն ուշադիր են նաև այս խնդիրների նկատմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարն ընդգծել է՝ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:

2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ. «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան
  • «Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: 

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:

 

Հայերեն

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանը հանդիպել է Ռուտտեին

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում

Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված 3 նոր ծրագիր՝ ընդհանուր 8.8 մլն եվրո բյուջեով

Սմբատ Լպուտյանը տպավորված է Հայաստանի շախմատի առաջնություններում երիտասարդների մասնակցությամբ

Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է

Կառավարությունը հավանություն է տվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/01/25

Ասիական ինդեքսներ - 22/01/25

Գործի մեծ մասն արված է, սակայն 2 հոդվածի համաձայնեցումը կարող է տևական ժամանակ պահանջել. ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի մասին