Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նոր տնօրենը ներկայացրեց մշակութային օջախի ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նոր տնօրենն Արամ Կարապետյանն է։ Լրատվամիջոցներին ներկայացնելով թատրոնի նորանշանակ տնօրենին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ Արամ Կարապետյանը թատրոնում նոր մարդ չէ՝ արդեն ավելի քան տասը տարի աշխատում է թատրոնում և վերջին 6 ամիսներին հանդիսացել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Մինչ այս զբաղեցրել է մենեջմենտի գծով փոխտնօրենի պաշտոնը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 29-ից արդեն նշանակվել է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն: Նա արդեն 10 տարուց ավելի թատրոնում է: Թատրոնը ջերմ է ընդունել այս նշանակումը, քանի որ Կարապետյանը օտար մարդ չէ, քաջատեղյակ է խնդիրներից, և վերջին տարիներին զբաղվել է վարչական աշխատանքով: Թատրոնի համար շատ կարևոր էր այս նշանակումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաստեց Լյուդվիգ Հարությունյանը։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև թատրոնի առաջիկա ծրագրերին։ Հաջորդ տարի հոբելյանական տարի է՝ Գյումրու դրամատիկականը նշելու է 160-ամյակը։ «Ամբողջ տարին է լինելու հոբելյանական։ Փետրվարին նախատեսում ենք հյուրախաղերով հանդես գալ Միացյալ Նահանգներում։ Նախնական նախատեսում ենք երկու ներկայացում, բայց հուսով ենք՝ ավելի շատ ներկայացումներ խաղալ․ կլինեն նաև հյուրախաղեր ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում։ Ի դեպ, վերջին ինը ամիսների ընթացքում Գյումրու դրամատիկականը 21 հյուրախաղ է ունեցել հանրապետության տարբեր քաղաքներում»,- նշեց Արամ Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ նորություններ են սպասվում ոչ միայն ներկայացումների առումով՝ առաջիկայում նախատեսվում է վերանորոգել թատրոնի սանհանգույցները։ Կա նպատակ փոխելու կանոնադրությունը, որը հնարավորություն կտա զբաղվել նաև ձեռնարկատիրությամբ։ «Կանոնադրությունը գրվել է 2003 թվականին, իսկ հիմա նպատակ կա փոխելու այն, ինչը հնարավորություն կտա զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Պլանավորում ենք, որ թատրոնը կունենա նաև սրճարան»,- ներկայացրեց թատրոնի նորանշանակ տնօրենը։ Անդրադառնալով թատրոնի վերջին 6 ամիսների ֆինանսական հաջողություններին՝ նա նշեց, որ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ արտաբյուջետային եկամուտներն 13 տոկոսով գերազանցվել են։

Հոբելյանական տարվանից սկսած Գյումրու միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից։ Այս մասին տեղեկացրեց թատրոնի աջակցման հոգաբարձուների խորհրդի նախագահ, թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը՝ փաստելով, որ, բացի ներկայացումներից, լինելու են նաև քննարկումներ, գիտաժողովներ՝ ողջ տարվա ընթացքում։

Երիտասարդների համար ևս անակնկալներ կլինեն՝ նախատեսվում է, որ 4 երիտասարդ ռեժիսորներ ներկայացումներ կբեմադրեն թատրոնի փոքր՝ Մհեր Մկրտչյանի բեմում։ Կլինեն նաև օտարալեզու ներկայացումներ, հյուրախաղեր ու հրավիրված ռեժիսորներ։ Նախատեսվում է ստեղծել նաև թատերական ստուդիա։

Հավելենք, որ կառավարությունը 2024 թվականին գումար է հատկացրել Գյումրու դրամատիկական թատրոնին լուսային և ձայնային տեխնիկայի վերազինման համար։ 

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր