Գավառի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ գորգագործության դասընթացների մասնակիցների ստեղծած գորգերի կտրման արարողություն

8 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի կողմից կազմակերպած գորգագործության դասընթացների 15 մասնակիցների ստեղծած գորգերի կտրման արարողություն, որը միաժամանակ հանդիսացավ նրանց  գործնական  աշխատանքների քննության հանձնումը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի նախագահ  Լևոն Դեր Բեդրոսյանը, Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը, հիմնադրամի դասընթացավար Լիլիթ Պերոկլյանը,  գորգագործության անվճար դասընթացներին մասնակցած Գավառի արտադպրոցական 8 հաստատությունները ներկայացնող անձինք։ 

Բացելով միջոցառումը՝  «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի ներկայացուցիչ, մշակութային ծրագրերի ղեկավար, դասընթացավար Դիանա Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենց նպատակն է  պահպանել և հանրահռչակել հայկական ավանդական արհեստների հարուստ ժառանգությունը, և այդ շրջանակում է տեղավորվում  «Տորքի որդեգրում» նախագիծը, որն  առանցքային դեր է խաղում այս առաքելության մեջ ՝ նոր սերունդներին փոխանցելով գորգագործության և կարպետագործության հավերժական հմտություններ: 

«2024 թվականին «Տորքի որդեգրում» ծրագիրը մեկնարկել է նաև Գավառում, համայնք, որը հայտնի է իր արհեստագործներով: Տեղի Գեղարվեստի դպրոցում գորգագործության դասընթացներ անցկացրինք  15 հոգանոց խմբի համար, որտեղ ներգրավված էին  նաև  տեխնոլոգիայի և կիրառական արվեստի ուսուցիչներ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ  Գավառի համայնքի մանկավարժներին զինել գորգագործական արվեստի դասավանդման և պահպանման համար անհրաժեշտ գիտելիքներով: Դասընթացները մեկնարկեցին օգոստոսից  և ավարտի հասցվեցին նոյեմբերի 15-ին՝ տալով տեսանելի ու հրաշալի արդյունքներ, քանի որ բոլոր մասնակիցները ոչ միայն հաջողությամբ յուրացրին դասերը, այլ նաև ներկայացրին իրենց առաջին աշխատանքներն ու ցուցաբերած հմտությունները գորգագործության արվեստում։ Նրանցից յուրաքանչյուրն ինքն է ընտրել իր ստեղծած գորգի դիզայնը, նրանում դրել իր մտահղացումները, գույների ու նախշերի ներդաշնակությունը։ Պետք է ամենայն դրվատանքով շեշտել, որ ներկայացված գորգերի բոլոր նմուշներն էլ աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ, մտահղացումներով, գեղագիտական ընկալումներով։ Դրա համար էլ կարող ենք համոզված ասել, որ մեր դասընթացների մասնակիցներն արդեն կարող են իրենց շրջապատի մարդկանց հմտորեն ու սիրով փոխանցել գորգագործական արվեստի գիտելիքները՝ մոռացությունից փրկելով մեր ազգային արհեստի ու արվեստի այս արժեքավոր, անգնահատելի ճյուղը։ Այս ծրագիրը սրանով չի ավարտվում, այն լինելու է շարունակական, մենք մշտապես կապի մեջ կլինենք մեր դասընթացների շնորհիվ մասնագիտացած ուսուցիչների հետ՝ նրանց շնորհելով  համապատասխան հավաստագրեր, կազմակերպելով ցուցահանես-վաճառքներ»,-ներկայացրեց Դիանա Հովհաննիսյանը։   

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ  Գրիգոր Դաշտոյանի ներկայացմամբ՝ այս միջոցառմանը ներկայացված գորգերը, Գավառ համայնքի ղեկավարի որոշմամբ, որպես ստեղծագործական արժեքներ, համարվելու են համայնքի սեփականություն և իրենց տեղն են գտնելու Գավառի երկրագիտական թանգարանում։ 

«Գավառի երկրագիտական թանգարանում ժամանակին տեղ են գտել մեր համաքաղաքացիների կողմից ստեղծված գորգերի ու կարպետների գեղեցիկ նմուշներ, որոնք ոչ միայն  պահպանել են իրենց արժեքները, այլ նաև դարձել մեր համայնքի արվեստի պատմության անքակտելի մասը։ Այս ստեղծագործությունները ևս դառնալու են մեր համայնքի արվեստի ու արհեստների պատմության մի մասը։ Իսկ Գավառի համայնքապետարանը միշտ պատրաստ է՝ աջակցելու և օժանդակելու «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամին բոլոր այն հարցերում, որոնք առնչվելու են մեր ազգային, նյութական ու հոգևոր արժեքների պահպանությանն ու զարգացմանը»,-նշեց Գրիգոր Դաշտոյանը։   

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի նախագահ Լևոն Դեր Բեդրոսյանը հավաստեց, որ «Տորքի որդեգրում» ծրագիրը լինելու է շարունակական՝ իր շուրջը համախմբելով գորգագործության ավանդույթները պահպանող ու զարգացնող նորընծա մասնագետներին Հայաստանի Հանրապետության համայնքներով ու բնակավայրերով մեկ։ 

«Մեր հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2014 թվականից, սակայն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է 2016 թվականից։ Անցած ութ տարիների ընթացքում արդեն մենք գրանցել ենք հիանալի ադյունքներ՝ Հայաստանի 23 համայնքներում անվճար դասընթացների ու համապատասխան գործիքների տրամադրմամբ ուսուցանելով ու պատրաստելով շուրջ 330 գորգագործության ուսուցիչների, որոնք արդեն իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում իրենց շրջապատին, առավելապես՝ մատաղ սերնդին։ Գորգն ինձ համար ամենաթանկ արժեքն է՝ իր բոլոր դժվարություններով ու դրսևորումներով՝ սկսած ոչխարաբուծությունից, մանածագործությունից ու գորգագործական արվեստով վերջացրած։ Ավելորդ չեմ համարում շեշտել, որ մեր նախնիների համար գորգ կտրելը հավասարազոր  է եղել երեխայի ծննդյան արարողությանը, այդ իսկ պատճառով էլ այժմ մենք դա նշելու ենք նման բացառիկ  միջոցառմամբ։ Մենք նաև մտածում ենք մեր ազգային արհեստների ու արվեստների այլ ճյուղերի պահպանման ու զարգացման, նորացման  ուղղությամբ ու այս օրինակով նույնքան համոզված եմ, որ ոչ հեռու ապագայում հասնելու ենք ցանկալի արդյունքների»,-ներկայացրեց Լևոն Դեր Բեդրոսյանը՝ շնորհավորելով գորգագործության դասընթացներն ավարտածներին ու դասընթացավարներին։ 

Առաջինը կտրվեցին Նազիկ Կարապետյանի գործած գորգերը, քանի որ, ի տարբերություն մյուս մասնակիցների, նա մեկի փոխարեն ներկայացել էր երկու աշխատանքով, երբ իմացել էր, որ իր առաջին գործվածքը ոչ թե իր տանն է պահպանվելու, այլ՝ թանգարանում։ 

Գորգագործության դասընթացի մասնակիցների թվում իրենց աշխատանքները հաջողությամբ հանձնեցին դպրոցական 3 երեխա, իսկ ամենատարեց մասնակից Շուշան Աչիկյանը խորհրդավոր ու հիշարժան  համարեց իր ստեղծագործությունը՝ երախտագիտություն  հայտնելով հիմնադրամին ու  կազմակերպիչներին։ 

«Սրանից ուղիղ 46 տարի առաջ, երբ ես սովորում էի 6-րդ դասարանում, գործեցի իմ առաջին կարպետը, որն իր տեղը գտավ Գավառի երկրագիտական թանգարանում ու պահպանվում է մինչ այժմ։ Հիմա առավել քան հպարտ եմ, որ այդ աշխատանքի կողքին տեղ է գտնելու և պատմություն է դառնալու իմ հեղինակած հերթական ստեղծագործությունը»,-նշեց Շուշան Աչիկյանը։ 

Լևոն Դեր Բեդրոսյանը ծնվել է 1947 թվականին, Բեյրութում, ցեղասպանությունից վերապրած այնթապցի Վարդան Դեր Բեդրոսյանի ընտանիքում։ 20 տարեկան հասակից ուսանելու նպատակով տեղափոխվել է ԱՄՆ, ստացել բարձրագույն կրթություն, զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ նյութական միջոցներն ուղղելով ազգային մշակույթի, արհեստների ու արվեստների պահպանության բարեգործական ծրագրերին։ 1988 թվականից ի վեր նա ամեն տարի այցելում է հայրենիք՝ բարեգործական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։   

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել