ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նպատակ ունի բարելավել գործարար միջավայրը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ կրճատելով լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նա նշեց, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում:
«Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսավարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք այն Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե` ոչ:
Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ այն ենթադրում է ֆինանսական եւ վարչարարական ծախսեր:
Մեկ օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար՝ 48 հազար և 60 հազար դրամ:
Նախագծի ընդունման նպատակը փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար համապատասխան իրավական հիմքերի ստեղծումն է: