Քաղաքականություն

Զինվորին հերոսություն անելու համար անհրաժեշտ են պետական եկամուտներ, որն ապահովողը հարկերը վճարող քաղաքացին է․ Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Զինվորին հերոսություն անելու համար անհրաժեշտ են պետական եկամուտներ, որն ապահովողը հարկերը վճարող քաղաքացին է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետության տեսանկյունից թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասաց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ։ 

Փաշինյանը նշեց, որ բյուջեի քննարկումների ընթացքում կանխատեսելի կերպով կրկին հարց բարձրացավ, թե ո՞վ է հերոսը և ինչպե՞ս է դա բնորոշվում։  

«Ընդդիմության ներկայացուցիչները կամ նրանցից մեկը խիստ կանխատեսելիորեն հերոսությունը կապեց սահմանը պահող կամավորի և կամավորության հետ։ Սկզբունքորեն, այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելն ընդամենը օրենքով սահմանված գործունեություն դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե՛ մեր հայ կամավորը, գինի լի՛ց» երգի կամավորի մասին է, այս կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում։ Եվ այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այսինքն, այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ, այդուհանդերձ,  այսօր էլ սահմանին կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես կապված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ։  Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լի՛ց» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար՝ ՀՀ պետական բյուջեից։ 

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, թե հերոսությո՞ւն է արդյոք երկրի պաշտպանությանը մասնակցելը, դրական արձագանք տվեց։

«Հարցն այլ տեղ է․ եթե զինվորը սնունդ չունենա, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, տրանսպորտային միջոց, գրագետ սպա, կապի միջոց, ինժեներական կահավորում չունենա, ինչպե՞ս կպաշտպանի երկիրը և ինչպե՞ս հերոսություն կանի», - ասաց վարչապետը՝ մեծ հաշվով բացառելով, որ առանց վերոնշյալների՝ զինվորը կկարողանա հերոսություն անել՝ հատկապես այսօրվա տեխնոլոգիական դարում։ 

Խոսելով պայմանագրային զինծառայողի մասին՝ Փաշինյանը հարց բարձրացրեց, որ եթե այդ զինծառայողը պատշաճ աշխատավարձ ու սոցիալական երաշխիքների համակարգ չունենա, ապա կգնա՞ պայմանագրային զինծառայության, և եթե նույնիսկ գնա, ապա ի՞նչ զինծառայության պատրաստ կլինի։

«Այս բոլոր խոսքերը կյանքից են վերցրած, սեփական աչքերով եմ տեսել։ Իսկ այս ամենն ապահովելու համար անհրաժեշտ են պետական եկամուտներ, որն ապահովողը, արդյունք ստեղծողն օրինական հարկերը վճարող քաղաքացին է», - ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատելով, որ առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ էլ հերոսություն։ 

Վարչապետն ակնհայտ համարեց այն, որ եթե խոսք է գնում պետության մասին, ապա թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է։

«Սա չեմ ասում որևէ մեկ այլ ծառայություն նսեմացնելու համար, պարզապես ուզում եմ ի վերջո արձանագրենք և ժողովրդին էլ ցույց տանք, թե ինչ է պետությունը և ինչպես է աշխատում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում