Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

3 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի բնագավառում նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 14-ին ԿԳՄՍ նախարարության մեդալով է պարգևատրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն ավարտում է իր աշխատանքն այդ պաշտոնում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և նվիրումի համար՝ ընդգծելով, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ամենաակտիվ և արդյունավետ աշխատող հաստատություններից մեկն է:

«Այս հուշամեդալը Ձեր աշխատանքի խորհրդանշական գնահատականն ու շնորհակալությունն է համատեղ աշխատանքի և արդյունավետ գործունեության համար: Թանգարանը հիմնվել և իր գործունեությունը սկսել է Ձեր ղեկավարության ներքո, այն այսօր մեր ամենատեսանելի մշակութային և հետազոտական հաստատություններից մեկն է: Այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվել է թանգարանում ձևավորել շատ պրոֆեսիոնալ թիմ: 

Թանգարանի ցուցադրությունները, կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային ներկայացվածությունը, իսկապես, վկայում են մեծ ու որակյալ աշխատանքի մասին: Թանգարանի բազմաթիվ ծրագրեր արժանացել են միջազգային գնահատականի՝ նպաստելով նաև մեր երկրի հանրահռչակմանն ու տեսանելիության բարձրացմանը: 

Կարևոր է նաև, որ ցուցադրություններում հետազոտական աշխատանքի բաղադրիչն ակնհայտ է և տեսանելի, ինչը  թանգարանային գործունեության առանցքային ուղղություններից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել՝ Նիկոլայ Կոստանդյանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև մասնագիտական կապերը շարունակական կլինեն: 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և ջերմ խոսքերի համար. «Նախարարության հետ, իսկապես, շատ հաջող համագործակցություն ենք ունեցել՝ աշխատելով մեկ գաղափարի շուրջ՝ պատշաճ ներկայացնել մեծն վարդապետին ու հանրահռչակել մեր երկիրն ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ դա առավելագույնս արվել է, որը, հուսով եմ, կշարունակվի և կծառայի մեր երկրին որպես հիմնասյուն՝ ի նպաստ մեր պետականության»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Կոմիտասի 155-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք ևս իրականացվել են թանգարանի հետ սերտ համագործակցությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում