Աշխարհ

Բրազիլիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուններ իրականացնող կասկածյալը զոհվել է

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուններ իրականացնող կասկածյալը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի մայրաքաղաքում Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է շենքի վրա հարձակման փորձ կատարող տղամարդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Տղամարդն, ամենայն հավանականությամբ, զոհվել է իր սեփական պայթուցիկների պատճառով։ Նրան մահացած վիճակում գտել են անմիջապես այն բանից հետո, երբ շենքի մոտ երկու պայթյուն է լսվել։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։

Տվյալ հատվածը շրջափակվել է։ Տղամարդու մարմինը խուզարկելու համար օգտագործել են ռումբեր ոչնչացնող ռոբոտ։ 

Ըստ ոստիկանության՝ տղամարդու մարմնի մոտ հայտնաբերվել են այլ պայթուցիկներ։ Հայտնաբերվել է նաև թայմեր, որը, հնարավոր է, կապված է այլ սարքերի հետ։ 

Մայրաքաղաք Բրազիլիայի ղեկավարի տեղակալ Սելինա Լեաոն լրագրողներին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը մոտեցել է դատարանի մուտքին, և նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Պաշտոնյան խորհուրդ է տվել, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը փակ մնա, մինչ հետաքննությունը շարունակվում է։ 

Անվտանգության նկատառումներով՝ պայթյուններից հետո Գերագույն դատարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Դատարանը գտնվում է «Երեք իշխանությունների հրապարակ» կոչվող հրապարակում. այնտեղ են գտնվում իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմինները։  Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պայթյուններից կարճ ժամանակ առաջ հեռացել էր տարածքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում