ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտնականների հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները հենց Հայաստանում պետք է իրականացվեն, դառնան փորձանմուշներ, անցնեն սերիական արտադրության ու արտահանվեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
Հայրապետյանը շեշտեց, որ պետության մեջ նորարարությունը կարևոր է տնտեսության թռիչքաձև զարգացման համար, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում կյանքի որակը բարձրացնելու և քաղաքացիներին նոր հնարավորություններ տալու համար:
«Մենք հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի: Եվ դա պետք է լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում: Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ ունեն գիտնականները, գիտահետազոտական խմբերը, հենց Հայաստանում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրության ու արտահանվեն»,-ասաց նախարարը: