Կրթություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման  արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։

Հիշեցնենք՝ ատեստավորման քննություններն այս տարի անցկացվում են էլեկտրոնային եղանակով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Ատեստավորման էլեկտրոնային համակարգը նախապես փորձարկվել է։ 

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել  ավելի քան 6000 մասնակից։ 

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում