Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել է թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: 

ՀՑԹԻ-ի փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսել են հատկապես լորդ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:

Այնուհետև շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Մինչ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը՝ բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել էին ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին:

Հայերեն العربية Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում