ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի լավագույն բուհերի գրադարանների օրինակով ԵՊԲՀ-ն՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող գրադարանային համալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետը կապերի բաժնից, նշելով, որ Մասշտաբային նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ գործընթացներ են մեկնարկել:
Հիմնադրամի թիմը բուհում տեղազննում է կատարել` նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ վերանորոգման ենթակա տարածքներին առավել դետալային ծանոթանալու, բազմաթիվ աշխատանքային կետեր քննարկելու նպատակով:
Արտերկրից ժամանած ճարտարապետները շինարարությունն իրականացնող հայ կոլեգաների հետ, որոնց թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 3 ուսանող, բժշկական բուհ երկրորդ այցի ընթացքում մանրամասն ծանոթացել են շենքի կառուցվածքին, մուտքային և ելքային հանգույցներին, տեխնիկական այլ առաջադրանքներին վերաբերող հարցերին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր որակի կրթական միջավայր և ուսանողական տարածք ձևավորելու համար հիմնադրամի խոշոր այս պրոեկտում հաշվի է առնված ամեն մի մանրուք. բնական լուսավորությունից մինչև անվտանգության խնդիրներ, ուսանողների հոսք, հարմարավետություն:
Շրջայցին հաջորդել է հանդիպումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, որի ընթացքում ճարտարապետ Փիթեր Դեֆեշը համալսարանականներին է ներկայացրել ապագա գրադարանի կոնցեպտի ավարտական տարբերակը: Արմեն Մուրադյանը որոշակի դիտարկումներ և առաջարկներ է արել, որոնք ինտերակտիվ քննարկման արդյունքում արժանացել են հավանության: