«Ազնավուր» համերգ-ներկայացումը նոր ոգով ու նոր շնչով կվերադառնա երևանյան բեմ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքի վերելքներն ու վայրէջքները, նրա հուսալքություններն ու հաջողությունները վառ դրսևորումներով, երաժշտական ու բեմադրական հետաքրքիր լուծումներով ներկայացվում են արտիստին նվիրված «Ազնավուր» համերգ-ներկայացման մեջ, որը տարիներ անց մեծ բեմ կվերադառնա նոր ոգով ու նոր շնչով։ 

Արվեստասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան նոյեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման գաղափարի և սցենարի հեղինակ, դերակատար Ալլա Սահակյանը նշում է՝ Ազնավուրն իր համար խոսելու, երգելու, պատմելու, առաջնորդվելու վառ կերպար է։  

Համերգ-ներկայացումը բեմադրվել է 2019 թվականին՝ շանսոնյեի մահվան տարելիցին։ 

«Այս ներկայացմամբ անդրադարձանք Ազնավուրի կյանքին, գործունեությանը։ Փորձեցինք ջազի միջոցով դա անել, քանի որ Ազնավուրը մեծ սեր էր տածում ջազի հանդեպ ու ջազային լուծումներով բազմաթիվ ստեղծագործություններ ունի։ Ջազի լեզվով, կենդանի նվագակցությամբ ներկայացնում ենք նրա հաղթանակների ու հաջողության բանաձևը, բանալին, որն Ազնավուրը տալիս է յուրաքանչյուրին ու նշում, որ ամեն մարդ պետք է գտնի իր տեսակն ու, այն փայլեցնելով, ինքնակատարելագործելով, ստեղծի իրենը, անկրկնելին, ստեղծի՝ ինքն իրեն հաղթելով, դժվարություններից ու փորձություններից չկոտրվելով»,-շեշտում է Սահակյանն ու հավելում՝ Ազնավուրն ասում էր՝ եթե բան ունես ասելու աշխարհին, պետք է ասես։ 

«Ազնավուր» ներկայացումը հնարավոր չէ շատ հաճախ խաղալ, քանի որ ներկայացման կարևոր դերակատարներից են կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը։ Վերջին անգամ այն երեք տարի առաջ է բեմում եղել, այս անգամ բեմ է վերադառնում շանսոնյեի 100-ամյակի առթիվ։ 

«Մենք զբաղված էինք այլ համերգներով, բայց անհրաժեշտ էր հոբելյանի առթիվ թարմացնել ներկայացումն ու կրկին մատուցել հանդիսատեսին»,-ասում է Սահակյանը։

Բոլորովին այլ տրամադրությամբ ու ոգով են խաղալու ներկայացումը. այն ավելի ամրացրել են։ Դերասանուհին համոզված է՝ միշտ պետք է Ազնավուր երգել, խոսել, պատմել, որովհետև բոլորի մեջ Ազնավուր կա, իսկ իր համար շանսոնյեն արվեստագետի, քաղաքացու, մարդու վառ օրինակ է։

Համերգ-ներկայացման բեմականացման գործում դերակատարություն է ունեցել նաև ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, գործիքավորումն իրականացրել է Գարի Քյոսայանը։ Հատուկ ներկայացման համար տանգո է գրվել, որը միավորում է Ազնավուրին և նրա լավագույն ընկերներից մեկին՝ համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Էդիթ Պիաֆին, որին ներկայացման մեջ մարմնավորում է Սահակյանը։ 

Ներկայացման մեջ զբաղված են նաև Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանը։ Դերասանները ոչ թե մի, այլ մի քանի կերպար են մարմնավորում, արագ կերպարանափոխվում են և թույլ չեն տալիս, որ հանդիսատեսը ձանձրանա։

«Ազնավուրը հարուստ կյանքով է ապրել։ Նրա կյանքում շատ են եղել նաև կանայք, սակայն ներկայացման մեջ նրա ստեղծագործական ուղին է ընդգծված։ Կարելի է պատմել Ազնավուր մարդու, դերասանի մասին, բայց այս բեմադրությունը 20-րդ դարի երգչի ուղին հարթելու ճանապարհն է»,-շեշտում է Սահակյանը։

Ազնավուրի մասին պատմող, Ազնավուրի հեղինակած բազմաթիվ գրքեր կան, որոնց շնորհիվ կարելի է ծանոթանալ արտիստի կենսագրությանը, նրա խոհերին, մտորումներին, փիլիսոփայությանը, սակայն Ալլա Սահակյանը հիմնականում օգտվել է «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից, «20-րդ դար» ռուսերեն գրքից, որում նաև Ազնավուրի մասին հետաքրքիր տեղեկություններ կան, Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գրքից և այլ աղբյուրներից։ 

Նա խոստովանում է՝ իրենց ներկայացումից շատերն են ազդվել, փորձել նաև ընդօրինակել։ Հավանաբար, դա էլ ապացուցում է, որ համերգ-ներկայացումն իսկապես հաջողված է։

Հայերեն