Մերձավոր Արևելք

Իսրայելի ավիահարվածներից Լիբանանում 40 մարդ է զոհվել, գրոհի է ենթարկվել նաև Բեյրութը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ավիահարվածներից Լիբանանում 40 մարդ է զոհվել, գրոհի է ենթարկվել նաև Բեյրութը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արևելքում Բեքաայի հովտին և Բաալբեկ քաղաքին նոյեմբերի 6-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել։ Նույն օրն ուշ երեկոյան հարվածներ են հասցվել նաև Բեյրութի հարավային արվարձաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Բաալբեկում և Բեքաայի հովում նաև 53 մարդ է վիրավորվել։ 

Հարվածներ են հասցվել նաև Բեյրութին։ Մայրաքաղաքի հարավային արվարձանների մի քանի հատվածների բնակիչներին նոյեմբերի 6-ին Իսրայելի զինվորականները հրահանգել են տարհանվել։ Դրան հաջորդել է ռմբակոծությունների երկու ալիք, մեկը՝ նոյեմբերի 6-ի երեկոյան, մյուսը՝ նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան։ Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։ 

Իսկ հոկտեմբերի 5-ի երեկոյան Բեյրութից հարավ գտնվող Բարջա քաղաքի բնակելի շենքերից մեկին իսրայելական հարվածի հետևանքով 20 մարդ էր զոհվել։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծությունների սկզբից ի վեր, ըստ Լիբանանի առողջապահական գերատեսչության, իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3000 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Շուրջ 13 500 մարդ վիրավորվել է։

Իսրայելը սեպտեմբերի վերջից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, որին այնուհետև ավելացան նաև ցամաքային գործողությունները։ Իսրայելը հայտարարել է, որ այդ գործողությունների նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում