ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։
Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։