Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որից առաջ բնակիչներին տարհանման հրահանգ էր տրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։

Այս հարվածներից առաջ ԱՄՆ-ն հերթական ջանքերն էր նախաձեռնել Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի հաստատման համար։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Լիբանանի պաշտոնյաների և վերլուծաբանների մոտ հրադադարի հաստատման հույսերը նվազել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Իսրայելում գտնվող Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնը չի մեկնի Բեյրութ։ 

Լիբանանում հակամարտությունը սրվել է վերջին հինգ շաբաթների ընթացքում, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում նաև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում զոհվել է ավելի քան 2800 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում։

Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ առաջիկա օրերին կհայտարարվի հրադադարի մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում