Աշխարհ

Դելիի օդի աղտոտվածությունը կտրուկ աճել է Դիվալի տոնակատարությունից հետո

2 րոպեի ընթերցում

Դելիի օդի աղտոտվածությունը կտրուկ աճել է Դիվալի տոնակատարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լույսերի հինդուական փառատոնի՝ Դիվալիի գիշերը ճայթրուկների պայթեցման պատճառով Հնդկաստանի Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում նոյեմբերի 1-ի առավոտյան օդի աղտոտվածության ցուցանիշը 14 անգամ բարձր է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված նորմայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindu պարբերականը։

PM2.5 կոչվող օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկների պարունակությունը մեկ խորանարդ մետրում առավոտյան ժամը 8-ի դրությամբ եղել է 209,3 միկրոգրամ, մինչդեռ ԱՀԿ-ի սահմանած թույլատրելի չափը 15 միկրոգրամ է։

Ըստ Դելիի աղտոտվածության վերահսկման հանձնաժողովի տվյալների՝ գիշերը և վաղ առավոտյան Նյու Դելիի որոշ հատվածներում PM2.5-ի մակարդակը նորմայից բարձր է եղել 100 անգամ, սակայն մի քանի ժամվա ընթացքում այս ցուցանիշը բարելավվել է։

Դիվալի փառատոնից առաջ Դելիի բնապահպանության նախարարը հայտնել էր, որ ոստիկանությունը գիշերը խստացված պարեկություն կանցկացնի՝ ճայթրուկների վաճառքը վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, մարդիկ անտեսել են ճայթրուկներ պայթեցնելու արգելքը։ 

Օդի աղտոտվածության աճը չի սահմանափակվել միայն Նյու Դելիով։ Հնդկաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Չեննայում և Մումբայում, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել։ Բազմաթիվ հատվածներում արձանագրվել է սմոգ և օդի վատ որակ։

Դիվալին՝ լույսերի փառատոնը, որը հինդուիզմի գլխավոր տոներից մեկն է, նշում են ամեն տարի աշնանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում