Մերձավոր Արևելք

Առնվազն 60 մարդ է զոհվել Լիբանանում իսրայելական հարվածներից. առողջապահության նախարարություն

2 րոպեի ընթերցում

People gather in front of a destroyed building hit in an Israeli airstrike in Tyre, Lebanon, Monday, Oct. 28, 2024.(AP Photo/Mohammed Zaatari)
People gather in front of a destroyed building hit in an Israeli airstrike in Tyre, Lebanon, Monday, Oct. 28, 2024.(AP Photo/Mohammed Zaatari)

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ևս 58 մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ Բեքաայի հովտում գտնվող Բաալբեկ քաղաքի ղեկավար Բաչի Խոդրն այդ հարվածներն անվանել է «ամենադաժանը» սեպտեմբերի վերջին իսրայելական ինտենսիվ հարվածների մեկնարկից ի վեր։ 

Հոկտեմբերի 28-ին Իսրայելը հարվածել էր նաև լիբանանյան ծովափնյա Տյուրոս քաղաքին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել։ Հարվածներից առաջ Իսրայելը քաղաքի մի մասի բնակիչներին տարհանման հրահանգ էր տվել։ 

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 28-ին լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն Իսրայելի վրա է արձակել շուրջ 150 արկ։ 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։ Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում