Իրավունք

Հայաստանում հանցագործությունների թիվն ինն ամսում նվազել է 4.8 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հանցագործությունների թիվն ինն ամսում նվազել է 4.8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 1413-ով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«2024 թվականի առաջին 9 ամսվա հաշվարկով հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազում ունենք, նվազել է 4.8 տոկոսով կամ 1413 դեպքով»,-ասաց Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը նշեց, որ գրանցված 28 հազար 269 դեպքի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին: Նա հավելեց՝ եթե հաշվի առնենք այս մասով ընդհանուր համաշխարհային պրակտիկան՝ ՀՀ-ն այս տեսանկյունից բավականին լավ դիրքերում է գտնվում, քանի որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կշիռն ընդհանուր հանցավորության մակարդակի մեջ կազմում է շատ փոքր տոկոս:

Փոխնախարարը շեշտեց՝ սա չի նշանակում, թե ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում անելիքներ ու գործողություններ դեռ չկան:

«Ընթացիկ տարում 331-ով նվազել է բոլորիս համար շատ մտահոգիչ համարվող ճանապարհատրանսպորտային պատահարները, 418 -ով նվազել է վիրավորների, 32-ով՝ զոհերի թիվը»,-նշեց Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում