Վրաստան

Վրաստանի վարչապետը խոստացել է ոտնձգություններ թույլ չտալ սահմանադրական կարգի դեմ և երկրի գլխավոր առաջնահերթություն է անվանել եվրաինտեգրումը

3 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը խոստացել է ոտնձգություններ թույլ չտալ սահմանադրական կարգի դեմ և երկրի գլխավոր առաջնահերթություն է անվանել եվրաինտեգրումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների աննախադեպ աջակցությունը, և իշխանությունները կպաշտպանեն այդ ընտրությունը՝ թույլ չտալով ոտնձգություններ սահմանադրական կարգի դեմ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք շատ ուրախ ենք, որ ընտրողները վստահություն են ցուցաբերել իշխող թիմի նկատմամբ: Այս վստահությունն աննախադեպ է, որն արտահայտվել է ընտրություններում ձայների քանակով», - ասել է նա։

Կոբախիձեն նշել է, որ շատ կարևոր է եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) մոնիթորինգային ներկայացուցչության գլխավորած միջազգային դիտորդների դերը, որը, վարչապետի խոսքով, դրական գնահատական է տվել ընտրություններին, «որից գոհ չէ ընդդիմությունը»։

«Կրկնվում է այն ամենը, ինչ եղել է նախկինում: Ընդդիմությունը չի ընդունում պարտությունն ընտրություններում և դիմակայում է երկրի սահմանադրական կարգին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետությունը կանգնած է իր տեղում, և ոչ ոք չի կարողանա խախտել սահմանադրական կարգը», - ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են շատ հանգիստ մթնոլորտում՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, բացառությամբ մի քանի ընտրատեղամասերի, որտեղ ընդդիմությունը փորձել է համակարգված կերպով ապակայունացնել իրավիճակը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել դա անել։

«Մենք կարդարացնենք բնակչության վստահությունը և երկիրը կտեղափոխենք որակապես նոր մակարդակի, և դրա համար հիմքն արդեն ստեղծվել է», - ասել է Կոբախիձեն։

Նա նաև հայտարարել է, որ հույս ունի հաջորդ տարվա սկզբից վերագործարկել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

«Մեր խնդիրն է մինչև 2028 թ. սկիզբը կատարել Եվրամիության ասոցացման և ազատ առևտրի մասին պայմանագրերով մեր պարտավորությունների 90%-ը, ինչը թույլ կտա 2030 թ. հասնել ԵՄ-ի անդամ դառնալու գլխավոր նպատակին», - ասել է Կոբախիձեն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ ԿԸՀ-ի վերջին տվյալներով, հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 54,08 %-ի աջակցությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում