Եվրոպա

Շոլցը Մոդիի հետ հանդիպմանը կոչ է արել արագացնել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Շոլցը Մոդիի հետ հանդիպմանը կոչ է արել արագացնել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը եռօրյա այցով գտնվում է Նյու Դելիում, հանդես է եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտի օգտին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Նյու Դելիում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Շոլցը բանակցությունների «արագ առաջընթացի և արագ ավարտի» կոչ է արել: 

«Եթե մենք միասին աշխատենք դրա վրա, վարչապե՛տ, ապա դա կարող է տեղի ունենալ ամիսներ անց, այլ ոչ թե տարիներ անց», - ասել է Գերմանիայի կանցլերը Հնդկաստանի վարչապետին: 

Շոլցը և Գերմանիայի մի քանի նախարարներ գտնվում են Հնդկաստանում, որտեղ կմասնակցեն գերմանահնդկական յոթերորդ կառավարական խորհրդակցություններին։

ԵՄ-ն և Հնդկաստանը ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսել են 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք դադարեցվել են՝ մտավոր սեփականության իրավունքների, ՏՏ հատվածի ընկերություններում տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների, օրինակ՝ ավտոմեքենաների ընդհանուր շուկայում հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։

Բանակցությունները վերսկսվել են 2022 թվականին: ԵՄ-ն ցանկանում է, որ Հնդկաստանը վերացնի առևտրային խոչընդոտները փոքր ընկերությունների համար և բացի ծառայությունների և պետական ​​գնումների շուկաները: Սակայն, նշում է ՏԱՍՍ-ը, Հնդկաստանը պաշտպանում է իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շահերը, ինչպես նաև պաշտպանում է այնպիսի զգայուն ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու կաթնարդյունաբերությունը՝ հաշվի առնելով հնդիկ ֆերմերների վիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում