ԿԱՊԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցադրության համապետական աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է։
Հայաստանի նորագույն պատմության առավել հնչեղ և նշանակալի իրադարձությունների, երկրի կյանքի, երբեմնի հզոր գիտական, արդյունաբերական, մշակութային, մարզական ներուժն ու նվաճումները ներկայացնող խոսուն և ճանաչողական պատկերավոր վավերագրությունը, որը հավերժացրել և սերունդներին են փոխանցել «Արմենպրես»-ի տարբեր սերունդների լուսանկարիչները, հասավ Կապան. Սյունիքի մարզկենտրոնը հոկտեմբերի 24-ին ցուցադրության էստաֆետն ընդունեց Երևանից և Գյումրիից։
Կապան քաղաքի Մշակույթի կենտրոնում կներկայացվեն 76 լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր ոչ վաղ անցյալի տարեգրությանը։
««Արմենպրես»-ի ֆոտոարխիվում պահպանվում են միլիոնից ավելի ժապավեններ, և մենք որոշեցինք պատմության թողած ժառանգությունն անպայման հասցնել հանրությանը :
Տեսախցիկում հայ մեծերն են ներկայացված, քաղաքային կյանքը, քաղաքային արտադրությունները… Այս բոլոր իրադարձությունների մասին կարդացել ենք, տեսել ենք ֆիլմերում, բայց մեր լուսանկարների միջոցով դրանք ևս մեկ անգամ վերստեղծվում են ու ստեղծում կապ ներկայի ու անցյալի միջև»,- նշեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը:
Նրա խոսքով՝ տարբեր քաղաքներում հանրությունը «Դարի վավերագրություն» ցուցադրությունը ոգևորված է ընդունել, քանի որ յուրաքանչյուրը կարողացել է այս վավերագրության մեջ իրենից մեկ մասնիկ գտնել:
«Հույս ունեմ՝ Կապանը ևս մեզ գրկաբաց կընդունի»,- նկատեց գործակալության տնօրենը:
Կապանում «Դարի վավերագրության» առաջին այցելուների շարքում գտնվող Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն առավել տպավորվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին պատմող լուսանկարներից:
«Այդ օրերին ես ծնողներիս հետ տանը նստած մտածում էի՝ արդյոք կլինի որևէ մեկն, ով երկրաշարժից հետո կարող է կրկին Գյումրիում ապրել: Բայց այնպես ստացվեց, որ այդ ապրողներից մեկը ես եմ, քանի որ այսօր Գյումրեցու հարս եմ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նա:
Նման ցուցադրություն հյուրընկալելու համար շնորհավորելով կապանցիներին՝ վարչության պետը նկատեց՝ բազմաթիվ լուսանկարներ նաև հիշողություններ են արթնացնում, քանի որ սա բոլորի պատմությունն է, տասնամյակների կյանքը:
«Տեսա հայտնի գործիչների լուսանկարներ, որոնք իրենց ուրույն դերն են ունեցել մեր քաղաքական, մշակութային ու սպորտային կյանքում: Կապանի դպրոցների տնօրեններին կհորդորեմ՝ աշակերտներին մասնակից դարձնել այս ցուցադրությանը: Ինչքան էլ դասագրքերում կարդան մեր գործիչների անուն-ազգանունները, միևնույն է, նրանց կերպարը տեսնելով՝ կարող են ոգեշնչվել»,- շեշտեց Մերի Գանդալյանը:
Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի համար այս ցուցադրությունը նաև նոր համագործակցության սկիզբ է:
«Ինձ առանձնահատուկ գրավեց Մեղրիի օդանավակայանին վերաբերող լուսանկարը: Լուսանկարներ կային Տաթևի վանքից… Սա կարևոր ցուցադրություն է, որովհետև այսպիսի ցուցադրությունների միջոցով ձեռք են բերվում նոր համագործակցություններ, ու մենք առաջիկայում կհամագործակցենք «Արմենպրես»-ի հետ, որպեսզի այդ լուսանկարների գոնե կրկնօրինակները տրամադրվեն Կապանի երկրագիտական թանգարանին՝ թանգարանի հիմնական ցուցադրությունների ժամանակ ներկայացնելու համար»:
«Դարի վավերագրություն»-ը Կապանի Մշակույթի կենտրոնում կհյուրընկալվի մինչև նոյեմբերի 7-ը:
Հրայր Նազարյան
Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան