Կրթություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը

4 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվող միջազգային շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից իրականացվող միջոցառումը մեկ հարկի տակ հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի դասախոսներին և ուսանողներին՝ ստեղծելով բացառիկ հարթակ գործընկերային կապերի ամրապնդման, համատեղ կրթական և ստեղծագործական նախագծերի զարգացման համար: 

Միջոցառումը կնպաստի կրթական և մշակութային կապերի խորացմանը՝ դարձնելով «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը կարևոր իրադարձություն թե՛ կրթական, թե՛ մասնագիտական համայնքի համար։

ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը նշեց, որ դիզայնը, ինչպես նաև գիտությանն ու արվեստին հարող այլ մասնագիտություններ, միշտ ունեն զարգանալու տեղ: 

«Նման մասնագիտությունները չեն ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ սահմաններ, ո՛չ կրոն և միտված են  միավորելու մարդկանց: ՃՇՀԱՀ-ում առաջին անգամ է անցկացվում միջազգային նման միջոցառում, որը կազմակերպել է հենց մեր ֆակուլտետը։ Վստահ եմ, որ այն մեծապես կնպաստի մեր կրթական ծրագրերի զարգացմանը»,- ասաց Մելիքյանը:

Նա ընդգծեց՝ միջազգային շաբաթվա ընթացքում քննարկվելու են ուսանողների փոխանակման ծրագրերը գործընկեր բուհերի միջև, երրորդ  աստիճանի բարձրագույն կրթության ներդրումը, կապը ՃՇՀԱՀ-ի և Սանկտ Պետերբուրգի ոլորտային բուհերի միջև և մի շարք այլ կարևոր հարցեր: 

Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի միջազգային ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Քրիստինա Շիրիկովան նշեց՝ սա համագործակցելու հիանալի հնարավորություն է, որտեղ, բացի փորձի փոխանակումից, հնարավոր է ձևավորել  գործընկերային հարաբերություններ, որը հնարավորություն կտա ապագայում իրագործել համատեղ մի շարք ծրագրեր:

Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի կրթական գծով դեկանի տեղակալ, Ճարտարապետական ​​դիզայնի ամբիոնի դոցենտ Ելենա Վոյցեխովսկայան էլ կարևորեց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում կհամագործակցեն դասախոսները, ինչպես նաև ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու և սովորելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսման մեթոդների առանձնահատկությունները:

«Ես հույս ունեմ, որ նման միջոցառումները մեր համալսարանների միջև կլինի շարունակական: «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը լավագույն հարթակն է՝ ձևավորելու նոր համագործակցություն և այն դարձնել շարունակական»,- ընդգծեց Ելենա Վոյցեխովսկայան:

Արտերկրից ժամանած ուսանողները ևս հնարավորություն կունենան մասնակցելու ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի դասախոսական անձնակազմի կողմից պատրաստած դասախոսություններին և վարպետության դասերին։ Հյուրերը կհանդիպեն դիզայնի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հետագա համատեղ ծրագրերը։ 

Միջոցառման ընթացքում ուսանողները և մասնակիցները կայցելեն համալսարանի ստուդիաներ ու լաբորատորիաներ՝ մասնակցելով ստեղծագործական աշխատաժողովներին: Բացի մասնագիտական ծրագրից, մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի հարուստ մշակույթին ու պատմությանը՝ այցելելով թանգարաններ և տեսարժան վայրեր։ 

Երկու կողմերի ուսանողների գնահատմամբ՝ սա լավ հնարավորություն է ճանաչել մեկը մյուսի ազգային մշակույթը, ինչը դիզայն մասնագիտության հիմքերից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում