Հայաստանում առևտրի շրջանառությունն աճում է, սակայն նվազել է ավտոմեքենաների առևտրի ծավալը. փորձագետը՝ պատճառների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 8 ամսում առևտուրն աճել է 20.4 տոկոսով, առևտրի շրջանառությանը  ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 3 տրլն 862 մլրդ 295.7 մլն դրամ: Էական են մեծածախ առևտրի շրջանառության ծավալները, 8 ամսում այն կազմել է 2 տրլն 539 մլրդ 516.9 մլն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 28.7 տոկոս է: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն անդրադարձավ գործոններին: 

«Մենք ունեինք ոսկու վերաարտահանման մաս, որը պակասեց: Իրականում մեր տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, բայց կան ոլորտներ, որոնց աճը պահպանվում է: Ունենք շինարարություն, և, ենթադրվում է, որ դրան զուգահեռ առևտրի որոշակի ոլորտներ պետք է աճեն, մասնավորապես մեծածախ առևտուրը»,–ասաց Աղաբեկյանը:

Մանրածախ առևտուրն 8 ամսում աճել է 9.4 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 170 մլրդ 333.9 մլն դրամ:  Մասնավորապես, խանութներում առևտուրն աճել է 11.9 տոկոսով, ծավալը կազմում է 978 մլրդ 61.5 մլն դրամ, կրպակների առևտրի շրջանառությունը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 14 մլրդ 381.2 մլն դրամ: 7.1 տոկոսով նվազել է նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտուրը՝ կազմելով 9 մլրդ 681.4 մլն դրամ: Տնտեսագետը մանրածախ առևտրի ոլորտում աճը պայմանավորեց բնակչության գնողունակության պահպանմամբ:  

«Չնայած արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատավարձերի աճի տեմպերը պահպանվում են՝ որոշակի գնողունակություն պահպանվում է: Չնայած ունեինք նաև Հայաստան եկած օտարերկրացիների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի աշխատողների որոշակի արտահոսք, սակայն առևտրի շրջանառության մասը պահպանվում է: Գնալով աճում է օնլայն առևտուրը»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների առևտրին (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը), ապա արձանագրվել է նվազում 7.8 տոկոսով՝ կազմելով 152 մլրդ 444.9 մլն դրամ: Տնտեսագետը նվազումը պայմանավորեց նկատված շոկային էֆեկտի թուլացմամբ: 

«Տեմպերն արագանում էին, քանի որ սահմանափակում կար՝ Ռուսաստանի հետ կապված: Բայց մենք միակը չենք, որ կարողանում է օգտվել այդ սահմանափակումներից: Այլ երկրներ ևս հնարավորություն ունեն վերաարտահանման հնարավորություններից օգտվելու: Սանկցիաների պահպանման պայմաններում մենք որոշակի մրցակցություն ենք ունենալու այդ առումով, ոմանք մեզ որոշակի առումով փոխարինելու են կամ ավելի լավ պայմաններ են առաջարկելու: Այն շոկային էֆեկտը՝ տարբեր ոլորտներում բարձր աճը, որ ունեինք՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, գնալով նվազելու է»,-ասաց նա:

Թե տարին առևտրի շրջանառության ինչ ծավալով կամփոփվի, տնտեսագետը չի շտապում կանխատեսում անել: Առևտրի դեպքում կա սեզոնայնության գործոնը: Ըստ Աղաբեկյանի՝ տարվա վերջում տեմպերը կարող են արագանալ: 

Տնտեսագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ տնտեսական աճի տեմպի դանդաղումն այն արագությամբ տեղի չունենում, ինչ սպասվում էր: «Չնայած հոսքերի պակասին՝ որոշակի ուղղություններով ակտիվությունը պահպանվում է: Դրա մասին է վկայում նաև արտարժույթի փոխարժեքի կայունությունը: Շատերը սպասում էին, թե պետք է դոլարի փոխարժեքի աճ լիներ, ինչը չի լինում, դեռ մի բան էլ ԿԲ-ն պարբերաբար դոլար է գնում, ինչը նշանակում է, որ շուկայում դոլարի ավելցուկ կա: Սա ազդակ է տալիս, որ դեռևս այդ ակտիվությունը պայմանավորող գործոնները պահպանվում են»,-նշեց Աղաբեկյանը:  

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ