ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 8 ամսում առևտուրն աճել է 20.4 տոկոսով, առևտրի շրջանառությանը ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 3 տրլն 862 մլրդ 295.7 մլն դրամ: Էական են մեծածախ առևտրի շրջանառության ծավալները, 8 ամսում այն կազմել է 2 տրլն 539 մլրդ 516.9 մլն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 28.7 տոկոս է: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն անդրադարձավ գործոններին:
«Մենք ունեինք ոսկու վերաարտահանման մաս, որը պակասեց: Իրականում մեր տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, բայց կան ոլորտներ, որոնց աճը պահպանվում է: Ունենք շինարարություն, և, ենթադրվում է, որ դրան զուգահեռ առևտրի որոշակի ոլորտներ պետք է աճեն, մասնավորապես մեծածախ առևտուրը»,–ասաց Աղաբեկյանը:
Մանրածախ առևտուրն 8 ամսում աճել է 9.4 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 170 մլրդ 333.9 մլն դրամ: Մասնավորապես, խանութներում առևտուրն աճել է 11.9 տոկոսով, ծավալը կազմում է 978 մլրդ 61.5 մլն դրամ, կրպակների առևտրի շրջանառությունը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 14 մլրդ 381.2 մլն դրամ: 7.1 տոկոսով նվազել է նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտուրը՝ կազմելով 9 մլրդ 681.4 մլն դրամ: Տնտեսագետը մանրածախ առևտրի ոլորտում աճը պայմանավորեց բնակչության գնողունակության պահպանմամբ:
«Չնայած արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատավարձերի աճի տեմպերը պահպանվում են՝ որոշակի գնողունակություն պահպանվում է: Չնայած ունեինք նաև Հայաստան եկած օտարերկրացիների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի աշխատողների որոշակի արտահոսք, սակայն առևտրի շրջանառության մասը պահպանվում է: Գնալով աճում է օնլայն առևտուրը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների առևտրին (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը), ապա արձանագրվել է նվազում 7.8 տոկոսով՝ կազմելով 152 մլրդ 444.9 մլն դրամ: Տնտեսագետը նվազումը պայմանավորեց նկատված շոկային էֆեկտի թուլացմամբ:
«Տեմպերն արագանում էին, քանի որ սահմանափակում կար՝ Ռուսաստանի հետ կապված: Բայց մենք միակը չենք, որ կարողանում է օգտվել այդ սահմանափակումներից: Այլ երկրներ ևս հնարավորություն ունեն վերաարտահանման հնարավորություններից օգտվելու: Սանկցիաների պահպանման պայմաններում մենք որոշակի մրցակցություն ենք ունենալու այդ առումով, ոմանք մեզ որոշակի առումով փոխարինելու են կամ ավելի լավ պայմաններ են առաջարկելու: Այն շոկային էֆեկտը՝ տարբեր ոլորտներում բարձր աճը, որ ունեինք՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, գնալով նվազելու է»,-ասաց նա:
Թե տարին առևտրի շրջանառության ինչ ծավալով կամփոփվի, տնտեսագետը չի շտապում կանխատեսում անել: Առևտրի դեպքում կա սեզոնայնության գործոնը: Ըստ Աղաբեկյանի՝ տարվա վերջում տեմպերը կարող են արագանալ:
Տնտեսագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ տնտեսական աճի տեմպի դանդաղումն այն արագությամբ տեղի չունենում, ինչ սպասվում էր: «Չնայած հոսքերի պակասին՝ որոշակի ուղղություններով ակտիվությունը պահպանվում է: Դրա մասին է վկայում նաև արտարժույթի փոխարժեքի կայունությունը: Շատերը սպասում էին, թե պետք է դոլարի փոխարժեքի աճ լիներ, ինչը չի լինում, դեռ մի բան էլ ԿԲ-ն պարբերաբար դոլար է գնում, ինչը նշանակում է, որ շուկայում դոլարի ավելցուկ կա: Սա ազդակ է տալիս, որ դեռևս այդ ակտիվությունը պայմանավորող գործոնները պահպանվում են»,-նշեց Աղաբեկյանը: