Մշակույթ

Կյանքը պատկեր է, կենդանացրու այն. օսկարակիր ռեժիսորի «Հոսք» ֆիլմով Երևանում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը

8 րոպեի ընթերցում

Կյանքը պատկեր է, կենդանացրու այն. օսկարակիր ռեժիսորի «Հոսք» ֆիլմով Երևանում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 16-րդ անգամ Հայաստան է բերել 250-ից ավելի հետաքրքիր ֆիլմեր, համախմբել է ոլորտի լավագույն մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, ստեղծել հարթակներ հայ և օտարազգի անիմատորների հմտությունների զարգացման համար՝ մեծ տոն նվիրելով Երևանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որն անցկացվում է «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագրի ներքո, մեկնարկն ազդարարեց հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը՝ օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ:

ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին խոստովանեց՝ հուզված է, քանի որ ամեն տարի ասես առաջին անգամ անցկացնեն փառատոնը: Նա շեշտեց՝ փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոններում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։

«Մենք 16 տարի շարունակ աշխատում ենք և ստեղծել ենք ոչ միայն ֆիլմերի ցուցադրման, այլև համաարտադրության հարթակներ, որոնք շատ կարևոր են: Երկրորդ տարին է՝  կազմակերպում ենք CoReAct-ը: Այս տարի հարթակում 17 նախագիծ է ներկայացված, մասնակցելու է 15 միջազգային պրոդյուսեր»,- նշեց նա:

Քասունին կարևորեց նաև «ՄարԱնի» անիմացիոն շուկան, որի շրջանակում կլինեն հյուրեր Disney-ից, այլ ընկերություններից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։ Բանախոսները ներկայացնելու են VR-ի, AI-ի գաղտնիքներն ու տեխնոլոգիական հմտությունները։ 

Փառատոնի հիմնադիր տնօրենը մեծ նշանակություն է տալիս նաև ReA Comics նախաձեռնությանը, որի շրջանակում ներկայացնում են սփյուռքում և Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ։ 16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է կոմիքսների ցուցադրություն։ Նախատեսվում է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի շնորհանդեսը, ինչպես նաև այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։  

ReA փառատոնը կսկսի նաև ReA Comics-ի մատենաշարը և կներկայացնի արդեն հայերեն թարգմանված երկու գրքերը։ Մեկը գերմանական է, մյուսը՝ ֆրանսիական՝ նվիրված Միսաք Մանուշյանին։ 

«Եթե հիշում ենք 2009 թվականը և այսօրը, փաստում ենք, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես մեծացել է: Այս տարի պատմական իրողություն է այն, որ կան ցուցադրություններ, որոնց տոմսերը սպառվել են»,- ընդգծեց Վրեժ Քասունին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է:

«Վստահորեն կարող ենք ասել, որ մեր համագործակցությունը զգալիորեն ազդել է փառատոնի թե՛ աշխարհագրության, թե՛ բովանդակային բաղադրիչի վրա, ինչ մասին են խոսում այս տարվա հյուրերը, անիմացիոն ֆիլմերը, փառատոնի ճանաչելիության բարձրացումը»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ «ՌեԱնիմանիա»-ն միայն մշակութային իրադարձություն չէ, այն իրեն դիրքավորում է որպես կրթական հարթակ. լավագույն մասնագետները դասախոսություններով են հանդես գալիս բոլոր ցանկացողների համար, որոնք էլ նորանոր հմտություններ են ձեռք բերում և հետագայում գուցե ներկայանան որպես փառատոնի մրցույթի մասնակիցներ:

«Փառատոնի նպատակը ոչ միայն ֆիլմերի ցուցադրությունն է, այլև միջոցառումների ընթացքում ցանած սերմերը, որոնք արդյունք են տալու»,- նշեց փոխքաղաքապետը՝ շնորհավորելով բոլորին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարծում է՝ անիմացիայի միջոցով կարողանում ենք պատմել պատմություններ հետաքրքիր մոտեցումներով ու ձևերով:

«Անիմացիայի միջոցով կարող ենք խոսել արգելքներից, դժվար թեմաներից և յուրովի ներկայացնել մեր երկիրը, մեր պատմությունն ու մշակույթը երիտասարդներին: Վերջին տարիներին նկատում ենք, որ մեր ստեղծագործողների մտահորիզոնն ու հայացքներն ընդլայնվել են, ինչը կարևոր ձեռքբերում է, քանի որ մշակույթը չի կարող ունենալ ֆիզիկական սահմաններ, այն պետք է սավառնի, կոտրի պատնեշները»,-հավաստիացրեց նախարարի տեղակալը:

Դանիելյանի համոզմամբ՝ հայկական անիմացիայի մեծերին հաջողվել է իրենց գիտելիքները հմտորեն փոխանցել երիտասարդներին, որոնք ստեղծարար են, նախաձեռնող, ինչի արդյունքում ոլորտում ակնհայտ զարգացում կա: Դրան նպաստել է նաև «ՌեԱնիմանիա» փառատոնը:

Փառատոնին ցուցադրվող հետաքրքիր ֆիլմերից շատերը ֆրանսիական են կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրությամբ: «Հոսք» ֆիլմը Լատվիայի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրության է:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շեշտեց՝ «ՌեԱնիմանիա»-ն տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս անիմացիոն ֆիլմերի տարածման կարևորագույն հարթակներից է, ինչը Հայաստանի և Երևանի համար մեծ հաջողություն է:

«Հպարտ ենք, որ աջակցում ենք փառատոնին և նրա կողքին ենք, ներկայացնելու ենք վեց լիամետրաժ և 14 կարճամետրաժ ֆիլմ: Ներկա են բազմաթիվ ֆրանսիացի պրոդյուսերներ, որոնց հետ հայ երիտասարդները հանդիպելու հնարավորություն կունենան»,- նշեց դեսպանը:

Անդրադառնալով «Հոսք» կինոնկարին՝ Դըկոտինյին հայտնեց, որ այն ներկայացվել է Կաննի կինոփառատոնին, իսկ Անսիի փառատոնին գլխավոր մրցանակին է արժանացել:

«ՌեԱնիմանիա» 16-րդ փառատոնի պաստառի հեղինակը Ժորժ Շվիցգեբելն է: Նա շատ տարիներ առաջ մասնակցել է փառատոնին: Այս տարի ևս ներկա էր: Վրեժ Քասունին 80-ամյա անիմատորին «ՌեԱնիմանիա» փառատոնի հատուկ մրցանակ հանձնեց՝ ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: 

«ՌեԱ» փառատոնը տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հիմնադրվել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից և խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ «ՌեԱ» փառատոնն իր հիմնադրման օրվանից ի վեր ներգրավել է ավելի քան 40 հազար հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորի կողմից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օրինակ՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեյվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդ, Բիլ Փլիմփթոն և այլք) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։ Փառատոնի շրջանակում է ստեղծվել «ՄարԱնի»-ն (անիմացիոն շուկա), որը բաղկացած է 3 հիմնական մասերից՝ ֆորում և ցուցահանդես, CoReAct համատեղ արտադրության հարթակ, աշխատարաններ և վարպետության դասեր։ «ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, տարածաշրջանում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում