ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար։
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նաև ՌԱԿ նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանին, որն անցած 3,5 ամիսների ընթացքում կատարել է նախագահի պարտականությունները։
Արամ Ջիվանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: