ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից
2 րոպեի ընթերցում
![ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/18/nTKIDTMDnn7iCO09LrSLfIMwH4ncfWsvi1kQKLpb.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց ուղեգիծը և չսկսեն կրկին մերձենալ ԵՄ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանն արդեն կորցրել է 121 միլիոն եվրո օգնությունը, և դա վերաբերում է միայն օգնության ընթացիկ ծրագրերին: Եթե կառավարության ուղեգիծը չփոխվի, ցավոք, Վրաստանն ավելի ու ավելի շատ կկորցնի: Եթե վրացիներն ընտրություններում որոշեն չշարունակել ուղին դեպի Եվրամիություն, ապա Վրաստանը կկորցնի ամբողջ ֆինանսական օգնությունը», - Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Վրաստանում ԵՄ դեսպանությունն ավելի վաղ հրապարակել է տեղեկատվություն, որի համաձայն՝ Վրաստանի իշխանությունները չեն ստանա ավելի քան 121 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը Եվրամիությունից՝ «ժողովրդավարությունից հրաժարվելու» պատճառով։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ մայիսին Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդի նիստից հետո հրապարակված ամփոփիչ փաստաթղթում Եվրոպական խորհուրդը հայտարարել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին՝ երկրին մեղադրելով եվրոպական արժեքների խախման մեջ։
Օրեր առաջ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը: Պատճառը Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումն է, որոնք Եվրոխորհրդարանը պահանջում է չեղարկել։