Մերձավոր Արևելք

Լիբանանը պատրաստ է մեծացնել զորքերի թվաքանակը Իսրայելի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Լիբանանը պատրաստ է մեծացնել զորքերի թվաքանակը Իսրայելի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի դեպքում Բեյրութը պատրաստ է ավելացնել զորքերի թվաքանակը երկրի հարավում` Իսրայելի սահմանի մոտ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է լիբանանյան Naharnet պարբերականից։

«Ներկայում մենք 4500 զինվոր ունենք Լիբանանի հարավում և ցանկանում ենք նրանց թիվը հասցնել 7 000-ից 11 000-ի», - ասել է Միքաթին Agence France-Presse գործակալությանը տված հարցազրույցում: 

Նա հավելել է, որ հենց հրադադար լինի, Լիբանանը կարող է երկրի այլ հատվածներից զինվորների տեղափոխել դեպի հարավ։ 

Միքաթիի խոսքով` ներկայում իսրայելական ուժերի կողմից «կարճաժամկետ ներխուժումներ» են դիտվում Լիբանանի հարավային մասում։

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը նաև AFP-ին հայտնել է, որ Բեյրութի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ Իսրայելի հարձակման համար ցանկացած պատրվակ հեռացնելու համար։

«Կառավարությունն անում է իր ուժերի սահմաններում հնարավոր ամեն բան, որպեսզի իսրայելցիների ձեռքում որևէ պատրվակ չլինի», - ասել է նա՝ հավելելով, որ օդանավակայանում ուժեղացված հսկողություն է գործում արդեն մեկ շաբաթ։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել ավելի քան 2300 մարդ, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում