Մեծանուն կինոռեժիսորի հոբելյանի առթիվ բեմ է բարձրացել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, որի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բալետն իրականություն է դարձել։

Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի ամենադաժան և գործունեության ամենապտղաբեր տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքն ու աշխարհահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Աշիկ քերիբ», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները: 

Հայկական, եվրոպական, դասական և ժամանակակից պարաձևերի խառնուրդը և լիբրետտոյի հիմքում դրված ազատատենչության համար մղվող պայքարի գաղափարը հանդիսատեսին տեղափոխել են վառ գույներով լցված փարաջանովյան անծայրածիր աշխարհ: Ներկայացման բեմադրող-ռեժիսորը և խորեոգրաֆը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանն է: 

Դահլիճում ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Ալֆրեդ Քոչարյանը, եվրոպական պետությունների դեսպաններ, Ֆրանսիայից ժամանած մշակութային պատվիրակություն` «Պրելժոկաժ բալետի» գեղարվեստական ղեկավարության և Ֆրանսիական պառլամենտի պատգամավոր Անն Լորանս Պետելի գլխավորությամբ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով. «Այսօր ներկա ենք կարևոր միջպետական մշակութային իրադարձության` «Բալետ Փարաջանով» ներկայացման առաջնախաղին: Փարաջանովյան ժառանգությունը յուրովի և ժամանակին համահունչ ներկայացնելն այս տարվա հոբելյանական միջոցառումների գլխավոր պահանջն է: Արդեն երկրորդ անգամ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը փարաջանովյան անսահման աշխարհը ներկայացնում է պարային-թատերական ձևաչափով, և շատ կարևոր է շեշտել` միջպետական հայ-ֆրանսիական համագործակցությամբ: Այսօր կտեսնենք ներկայացում, որը ոգեշնչված է Փարաջանովի կյանքից ու ստեղծագործությունից, իր մեջ ամփոփում է Մեծ Վարպետի ամբողջ գունապնակը` կյանքի անձնական դաժան պահերից մինչև ստեղծագործական անսահման վերելքներ: Հուսով ենք, որ այսօր սկիզբ կդրվի նաև այս նախագծի միջազգայնացմանը»:

 

Հայերեն Русский

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ