Մշակույթ

Մարմաշենի վանական համալիրի տարածքում  տեղի ունեցավ  «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

3 րոպեի ընթերցում

Մարմաշենի վանական համալիրի տարածքում  տեղի ունեցավ  «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմաշենի վանական համալիրի տարածքում  հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ախուրյան համայնքի տարվա ամենամեծ միջոցառումը՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը: Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը միացել էր ավելի քան երկու հազար մասնակից։ 

Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի, տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից և ՀՀ մայրաքաղաքից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

«Ախուրյան շուրջպարի» մասնակիցներին ողջունելով, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հույս հայտնեց, որ Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորին կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ 

«Մշակույթով շնչող Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորիս կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Համայնքում ավանդական պար ունենալն արդեն խոսում է կարևոր իրադարձության մասին: Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում միջոցառման կազմակերպիչների վաստակը մեծ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար: Ուրախալին այն է, որ այսօր շուրջպարը միավորել է 2000-ից ավելի մասնակիցների։ Այսօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում միասնականության ու համախմբվածության գաղափարը սերմանելու համար, այլև գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ։ Եվ յուրաքանչյուր տարի համատեղ ջանքերով, տոնական տրամադրությամբ հավաքվենք միասնական շուրջպարի։ Մեզ համար առաջնայինն ու կարևորը միասնականությունն է, եթե միասին ենք՝ կկարողանանք խնդիրներն էլ օր առաջ լուծել, հոգսերն էլ թեթևացնել, ուրախությունն էլ առավել մասշտաբային դարձնել»,- ողջույնի խոսքում նշեց Մուշեղ Մուրադյանը։

«Ախուրյան» ավանդական պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է. գաղափարն իրականացնելու համար նա դիմել է Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին, ով էլ նախաձեռնել և իրականացրել է պարի բեմադրությունը: 

«Մի միջոցառման էի մասնակցում։ Սասունցիները շուրջպար բռնեցին, ու որոշեցի, որ մենք ևս անպայման պետք է ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք  համայնքով համախմբել»,- նշեց բնակիչ Մելիք Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ երաժշտությունն ու պարը շուտով կդառնա նաև երգ։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում