Սպորտ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

2 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի նոր մարզաձևերից ձնամարտը մեծ հետաքրքրություն և ակտիվություն է առաջացրել մասնակիցների շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձնամարտն առաջին անգամ է ընդգրկված խաղերի մարզաձևերի շարքում: Փետրվարի 2-ին Ջերմուկ քաղաքում մեկնարկեց ձնամարտի որակավորման փուլը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 18 թիմեր: 

«Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մարզաձևերում ընդգրկված է նաև ձնամարտը, որին մասնակից թիմերի աշխարհագրությունը շատ մեծ է: Բոլոր թիմերը նորեկներ են, քանի որ խաղերի ցանկում առաջին անգամ է ընդգրկված այս մարզաձևերը, որը համաշխարհային սպորտում դեռևս սիրողական մակարդակի վրա է»,- ասաց Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Պետրոսյանը: 

Ձնամարտի մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 3-ին: Ձնամարտի մրցաշարին մասնակցում են թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ երկրների քաղաքներից:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում