Մշակույթ

Աշխատաժողովում քննարկվել են ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդման հարցեր

6 րոպեի ընթերցում

Աշխատաժողովում քննարկվել են ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը:

Նախօրեին աշխատաժողովի  մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, աշխատաժողովի նպատակն է ապահովել զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության  և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ մշակույթի ոլորտում համագործակցության աշխատանքային պլանի լրամշակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սա մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման որակապես նոր փուլ թևակոխելու հնարավորություն է, որը կդրսևորվի ինչպես Եվրոպական միության կողմից տարածաշրջանային և Հայաստանին ուղղված ծրագրերի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով միջմշակութային կապերի ընդլայնմամբ: Խոսելով, մասնավորապես, առաջին բաղադրիչի մասին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ստեղծարար արդյունաբերության ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից իրականացվող և ներկայում ավարտին մոտեցող «Կատապուլտ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շահագրգիռ է ստեղծարար արդյունաբերության ոլորտում նոր բազմամյա ծրագրի կյանքի կոչմամբ, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպա»-ի հայաստանյան գրասենյակի ընդլայնմամբ, որպեսզի այն իր մեջ ներառի նաև մեդիա բաղադրիչը, որի ներդրման ուղղությամբ ներկայում համապատասխան միջգերատեսչական ջանքեր են գործադրվում: 

Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին՝ ԵՄ անդամ երկրների հետ կապերի ընդլայնմանը, Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի օրինակը՝ կարևորելով նաև գերմանական «Գյոթեի ինստիտուտի», Ֆրանսիական ինստիտուտի, իտալական «Դանթե Ալիգիերի» կենտրոնի և այլ եվրոպական գործընկերների դերը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մշակույթի զարգացման նմանօրինակ երկկողմ ծրագրերի իրականացումն Եվրոպական միության անդամ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն չունեցող դեսպանատների հետ համագործակցությամբ:  

Նշվում է, որ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է աշխատաժողովի անցկացումն ինչպես զարգացման գործընկերների հետ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ապահովման տեսանկյունից, այնպես էլ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության վերանայման շրջանակում մասնակցային գործընթացի ապահովման տեսանկյուններից՝ համոզմունք հայտնելով, որ աշխատաժողովի արդյունքները կօգտագործվեն ինչպես ռազմավարության վերանայման համար, այնպես և կուղղորդեն Եվրոպական միությանը և անդամ երկրներին մշակույթի ոլորտում բազմակողմ և երկկողմ համագործակցության օրակարգի առումով։ 

«Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար: Քանի դեռ Եվրամիությունն ու Հայաստանը ձևակերպում են նոր ու հավակնոտ գործընկերության օրակարգը և իրականացնում Հայաստանի դիմակայության և զարգացման 270 մլն եվրո արժողությամբ պլանը, կարևոր է արձանագրել, թե ինչպես են մշակույթն ու ստեղծարար արդյունաբերությունը նպաստում Հայաստանի կայուն աճին ու բրենդավորմանը, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ըստ աղբյուրի՝ աշխատարանի  շրջանակում  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության գերակայությունները և նպատակները, մասնավորապես, մշակութային ժառանգության ոլորտում:  Նախարարի տեղակալը մատնանշել է ոլորտի զարգացման ուղղություններն ու թիրախները, ներկայացրել ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքային ցուցանիշները մինչև 2027 թվականը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության նպատակները ժամանակակից արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում: Նա անդրադարձել է մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացմանը, մշակութային հասանելիությանը և ներառականությանը, հասարակության  ստեղծարար ընդգրկվածության ապահովմանը մշակութային կյանքին, ինչպես նաև մշակույթի և արվեստների դերի ընդլայնմանը երկրի կայուն զարգացման գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններ, մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում