Մշակույթ

Գավառում դպրոցականներին ներկայացվել է «Սերգեյ Փարաջանով. Բացահայտումներ» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գավառում դպրոցականներին  ներկայացվել է «Սերգեյ Փարաջանով. Բացահայտումներ» ծրագիրը

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվաելոփմենտ» կազմակերպությունը կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ներկայացրել է «Սերգեյ Փարաջանով. Բացահայտումներ» ծրագիրը, որին մասնակցել են Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների  բարձր դասարանների շուրջ 160 աշակերտներ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործական անցած ուղին, հանգամանալից մեկնաբանել նրա լավագույն ֆիլմերը, նկարահանման տեխնիկական վարպետությունը:

Կինոգետը համեմատականներ է անցկացրել ժամանակի հայտնի մյուս ռեժիսորների հետ, ապացուցել նրա անբեկանելի մեծությունն ու առավելությունը, անվիճելի հանճարեղ լինելը: 

Էկրանին ցուցադրվել են Փարաջանովի ֆիլմերից հատվածներ, տեսարաններ, նկարներ, ներկայացվել են վերլուծություններ։

Րաֆֆի Մովսիսյանն իր խոսքում կարևորել է Փարաջանովի տուն-թանգարանի գոյությունը և հորդորել դպրոցականներին` այցելել այդ թանգարանը և պարտադիր դիտել հայ հանճարեղ կինոռեժիսորի բոլոր ֆիլմերը։

Վերջում սիրված կինոգետից դպրոցականները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Երևանից ժամանած խումբը խոստացել է նման այցելությունը մարզում դարձնել ամենամյա։ 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում