Ինովացիա

Հայաստանում հազարավոր աշխատատեղեր ստեղծած «Սինոփսիս Արմենիա»-ն տոնում է իր հիմնադրման 20-ամյակը

5 րոպեի ընթերցում

Հայաստանում հազարավոր աշխատատեղեր ստեղծած «Սինոփսիս Արմենիա»-ն տոնում է իր հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը, որի շրջանակում արդեն 20-րդ անգամ անցկացվեց «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՏ ոլորտի լավագույն 37 ուսանողներին և աշակերտներին պարգևները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շնորհավորելով ընկերության 20-ամյակը` վարչապետը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ընկերության հոբելյանական երեկոյին և երիտասարդներին պարգևներ հանձնել:

«Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է եղել արդեն 20 տարի: Իմ կարևոր տպավորություններից մեկը այն է, որ ընկերությունը նոր աշխատանքային միջավայր, կուլտուրա և հարաբերություններ ձևավորելու հարցում եղել է իսկապես առաջամարտիկ, որտեղ աշխատանքը համադրվում է ստեղծագործության և ստեղծարարության հետ: Ընկերությունը մշտապես փորձել է աջակցել կրթությանը և տաղանդավոր մարդկանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց, որ շատ կարևոր է մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, զարգացնել և ընդլայնել դրանք, իսկ այս հարցում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը մեծ ներդրում ունի:

«Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց՝ կարևոր է տեսնել, թե այս 20 տարիների ընթացքում ի՞նչ աճ է գրանցել ընկերությունը. «20 տարի առաջ սկսել ենք 45 աշխատակցով, իսկ այսօր մենք ունենք 1300 աշխատակից, մենք սկսել ենք մեկ կենտրոնով, իսկ այսօր ունենք 3-ը: Այս տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել նաև մեր աշխատանքի որակը: Ուրախ եմ նշել, որ հինգ տարի առաջ ընկերության 15-ամյակին ես ասացի, որ ցանկություն ունենք կենտրոն ստեղծելու Գյումրիում և այսօր այն արդեն գործում է»:

Զորյանը նշեց, որ ձեռքբերումներով չեն սահմանափակվելու և քայլելու են ժամանակին համընթաց՝ զարգացնելով ընկերության հնարավորությունները:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ողջունելով և շնորհավորելով ընկերության 20-ամյակը, ընդգծեց, որ այս տարիների ընթացքում անցել են և՛ դժվարությունների, և՛ մարտահրավերների միջով, բայց առավել շատ հաջողություններ և մեծագույն նվաճումներ են գրանցել:

«Հպարտ եմ «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցներով, քանի որ շատերը ունենալով արտերկրում աշխատանք գտնելու լայն հնարավորություններ՝ աշխատում, արարում և ստեղծում են հայրենիքում: Մեր աշխատակիցները այս տարիների ընթացքում ստեղծել են նաև մոտ 15 հազար նոր աշխատատեղեր՝ հանրապետության սպասարկման ոլորտում: Իհարկե, մեր հաջողությունը լիարժեք չէր լինի առանց մեր գործընկերների՝ համալսարանների, միջազգային կառույցների, միությունների, և՛ այսօրվա, և՛ նախկին ղեկավարների»,- եզրափակեց Մուսայելյանը:

«Սինոփսիս»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականից՝ որպես «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում