ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար Թիբո Մենիլոն (Ֆրանսիա) «Զգայական ճամփորդություն» խորագրով համերգով կներկայանա Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Այն իմպրովիզացիա է՝ ոգեշնչված Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Մեսիանի, Սկարլատիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Սթիվ Ռայխի և Քեյթ Ջարեթի երաժշտությունից։
Ժամանակակից դաշնակահար-իմպրովիզատոր՝ Թիբո Մենիլոն հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, «սերունդների ուսուցիչ» բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռն է։ Դաշնամուրային իմպրովիզացիայի միջոցով նա արտահայտում է իր ոգեշնչման մեղեդիական, պոլիֆոնիկ և պոլիռիթմիկ աղբյուրները՝ հաճախ հանդես գալով գործիքի անսպասելի և համարձակ կիրառմամբ:
Իր ստեղծագործությունների միջոցով Թիբո Մենիլոն հանդիսատեսին տանում է զգայական ճամփորդության՝ դեպի իր ներքին երաժշտական տիեզերքը։