Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջազգային գործընկերներին ներկայացրեց ՀՀ ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ու միջազգային կառույցների գործընկերներին ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը միջոցառման բացմանը փաստահեն և համակողմանի ուսումնասիրված գնահատեց Ժողովրդագրության ռազմավարության փաստաթուղթը՝ նշելով, որ դրա վրա աշխատանքը շուրջ երկու տարի է տևել:
«Այն դեռ չհաստատված հասցրել է արդեն գնահատանքի արժանանալ միջազգային մի շարք կառույցների, ինստիտուտների ու հետազոտական կենտրոնների կողմից: Ես ուրախ եմ, որ այս փաստաթղթի մշակման գործում մասնակցություն են ունեցել հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ, կառույցներ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ բավականին ներառական քննարկումներ են իրականացվել նաև ներհայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում ստացված առաջարկները ներառվել են ռազմավարության բովանդակության տարբեր հատվածներում:
«Կարծում եմ առաջիկա շաբաթների ընթացքում մենք արդեն կունենանք բավականին հասուն փաստաթուղթ և կկարողանանք ներկայացնել կառավարության հաստատմանը»,-ավելացրեց Մկրտչյանը:
Խոսելով Ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթղթի էության մասին նա նշեց, որ այն առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու մասին է՝ չորս հիմնական ռազմավարական նպատակների ընդգրկմամբ:
Առաջին կարևորագույն նպատակը կենսամիջավայրի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հնարավորություն կտա ընտանիքներին հստակ որոշում կայացնել երեխաներ ունենալու համար:
Երկրորդ ռազմավարական ուղղությունը վերաբերում է տարբեր հիվանդությունների կանխարգելմամբ ու առողջ ապրելակերպի միջոցով երկարակեցության ավելացմանն ու վաղաժամ մահերի ցուցանիշի նվազեցմանը:
Ռազմավարության մյուս կարևոր ուղղությունն ու ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից մեկն էլ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվության խթանումն է, երբ նրանք ավելի տևական մասնակցություն կունենան երկրում հավելյալ արժեքի ստեղծմանը:
Ըստ նախարարի՝ փաստաթղթով չորրորդ ռազմավարական նպատակը այնպիսի միգրացիոն քաղաքականություն ունենալն է, որը կնպաստի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի խոսքով սա ըստ էության առաջին համակողմանի ռազմավարությունն է, որ մշակվում է ոլորտում:
«Հուսով եմ, որ Հայաստանը օրինակ կլինի մի շարք այլ երկրների համար, որոնք, ըստ էության, առերեսվում են նմանատիպ խնդրի հետ»,-ասաց Բաուերը՝ հավաստիացնելով, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կանգնած է ծնելիության ցածր ցուցանիշ ունեցող պետությունների կողքին՝ օգնելու հաղթահարել ժողովրդագրական ճգնաժամը:
Միջոցառմանը Ամերիա Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը շնորհանդեսի ձևաչափով ներկայացրեց ՀՀ ժողովրդագրական ռազմավարության նախագիծը՝ անդրադառնալով նախատեսվող կարևոր միջոցառումներին, նպատակներին ու ակնկալվող արդյունքներին:
Այնուհետև միջոցառումը շարունակվեց պանելային քննարկմամբ: